ԳլխավորՄի կտոր գիրք

Աբել Միքայելյան. «Փոփոխության քամին»

Դեկտեմբերի 11-ին Երեւանում տեղի ունեցավ Աբել Միքայելյանի «Փոփոխության քամին» գրքի շնորհանդեսը։ Ներկայացնում ենք մի քանի հատված գրքից։

***

«Ռաբիսը»` անճաշակը, գռեհիկը այնպես է բուն դրել մեր տեսակի մեջ, որ թվում է` այլևս հանել չի լինի: Եվ ինչպե՞ս հանել, երբ այն ամենուրեք է` փողոցներում ու տներում, սրճարաններում ու ռեստորաններում, ռադիոյով ու հեռուստատեսությամբ: Ինչպե՞ս հանել «ռաբիսը» մեր միջից, երբ այն խրախուսվում և քարոզվում է պետական մակարդակով: Մինչդեռ մեր տունը քանդողը հենց այդ «ռաբիսն» է: Այն ավելի սարսափելի է, քան արտաքին թշնամին, որովհետև եթե թշնամին քեզ կարող է կրակելով սպանել, «ռաբիսը» քայքայում ու սպանում է ներսից` ինչպես քաղցկեղը:

Ժողովրդի բարեկեցության մասին պատկերացում կազմելու համար բավական է տեսնել, թե ինչ գիրք է նա կարդում, ինչ կինո է դիտում, ինչ երաժշտություն լսում: «Ռաբիս» սիրող ժողովուրդը չի կարող լավ ապրել, եթե անգամ տիրապետի նավթի ու ոսկու ամենամեծ պաշարներին, չի կարող ազդեցիկ լինել իր սահմաններից դուրս, եթե անգամ միջուկային հարյուր ռումբ ու մարտագլխիկ ունենա: «Ռաբիս» սիրող ժողովուրդը չի կարող արդարության համար պայքարել` ո՛չ ներքին, ո՛չ արտաքին, որովհետև այն երևույթը, որն ինքն է մղում անարդարության, ինքնին անարդարություն է։ Կարելի է ոտքի հանել մի ամբողջ ժողովրդի, կարելի է անել այնպես, որ ժողովուրդը հավատա, որ իր կյանքում ու իր երկրում ամեն ինչ շատ արագ փոխվելու է դեպի լավը:

Դա այնքան էլ բարդ բան չէ: Դա բարդ բան չէ, երբ ժողովրդի կյանքում ու երկրում իսկապես ամեն ինչ լավ չէ, և ժողովուրդը, բնականաբար, փոփոխություն է ուզում: Այդ դեպքում ցանկացած մեկը կարող է օգտագործել ժողովրդի նման վիճակը ու ոտքի հանել նրան: Այլ հարց է, թե նրա մղումերը որքանո՞վ են ազնիվ և մինչև ո՞ւր է նա պատրաստ գնալ: Բայց սա էլ դեռ ամբողջը չէ: Եթե նրա մղումներն իսկապես ազնիվ են, և նա պատրաստ է կանգ չառնել կես ճանապարհին ու գնալ մինչև վերջ, ինչպես եղավ այս դեպքում, մնում է ամենակարևոր հարցը` հնարավո՞ր է արդյոք փոխել ժողովրդի կյանքը և երկրի վիճակը:

***

«Գողական» մոտեցումերով կառավարվող ժողովուրդը ժամանակի ընթացքում ստիպված, պարտադրված, ուզած, թե չուզած դառնում է այդ մոտեցումերի կրողը, անկախ իրենից հավատում է ոչ թե օրենքի, այլ «գողական» ճշտին: Երբ ժողովուրդը տեսնում է, որ օրենք գրել պարտավոր պատգամավորները, օրենքով առաջնորդվել պարտավոր իրավապահները, օրենքով վճիռներ կայացնել պարտավոր դատավորները թքած ունեն օրենքի վրա և առաջնորդվում են մեկ այլ «օրենքով», ինքն էլ, կամա թե ակամա, ապրում է այնպես, որ չխախտի ոչ թե իրական, այլ այն մյուս օրենքը: Ինչպե՞ս կարող են նման իրականությունում կայանալ օրենսդիր, իրավապահ և դատական համակարգը: Եվ ո՞վ է նման իրականության թիվ մեկ պատասխանատուն, եթե ոչ երկրի ղեկավարը։

***

Ի՞նչ կարող է անել այգեպանը, երբ իր այգին ոռոգելու համար ջուր չունի։ Ստիպված պիտի ծառերը թողնի իրենց բախտին։ Կգոյատեւեն՝ կգոյատեւեն, կչորանան՝ կչորանան։

Միայն թե ջուր կար։ Քիչ, բայց կար։ Սակայն այն բաժին էր հասնում ոչ բոլոր ծառերին։ Հարյուր ծառից լավ բերք էր տալիս հինգը, եւս տասնհինգ-քսանը տալիս էին սակավ բերք, նույնքան ծառ պարզապես դիմանում էր ու չէր չորանում, իսկ մնացածը… Մնացածը չորանում էին։

Մինչդեռ կարելի էր այնպես բաշխել ջուրը, որ բաժին հասներ բոլոր ծառերին։ Եվ զուգահեռ փորել նոր առուներ։

Ինչպե՞ս էր ապրում ժողովուրդը Հայաստանում 2018-ի ապրիլին։ Պաշտոնական վիճակագրությունը հավանաբար ուներ իր տվյալները։ Բայց արդյո՞ք դրանք անհրաժեշտ են ժողովրդի վիճակի մասին պատկերացում կազմելու համար։

Եթե Երեւանի կենտրոնի հարյուրավոր սրճարան-ռեստորանները երեկոյան լեփ-լեցուն էին, մի՞թե դա ժողովրդի լավ ապրելու ցուցանիշ էր։ Չէ՞ որ Հայաստանի հարյուրավոր գյուղեր երեկոյան եւ օրվա բոլոր ժամերին դափ-դատարկ էին։

ժողովրդի մի մասը, հավանաբար՝ հինգ տոկոսը իսկապես շատ լավ էր ապրում։ Ապահովված, կայուն ու երջանիկ։ Ուներ էլիտար բնակարաններ, ամեն երեկո դուրս էր գալիս այդ բնակարաններից, նստում լյուքս մեքենաները եւ գնում ընթրելու վերոնշյալ ռեստորաններում, տարին մի քանի անգամ էլ մեկնում էր հանգստանալու այս կամ այն ծովի ափին։

Կար ուրիշ տասնհինգ-քսան տոկոս, որ նույնպես լավ էր ապրում։ Ուներ վարկով գնված բնակարան, վարկով գնված ավտոմեքենա, ի վիճակի էր ժամանակին մարել այդ վարկերը, ժամանակ առ ժամանակ կարող էր իրեն թույլ տալ ընթրել ռեստորաններում՝ այս մեկն առանց վարկի, տարին մեկ անգամ էլ մեկնել հանգստանալու՝ վարկով կամ առանց։

Եվս քսան-երեսուն տոկոսը հազիվ ծայրը ծայրին էր հասցնում։

Մնացած ժողովուրդը վատ էր ապրում, շատերը՝ ծայրահեղ վատ։

Իսկ այգեպանը համառորեն չէր ուզում իր տեղը զիջել ուրիշին։ Ուրիշին, ով կարող էր ջուրը հավասարաչափ բաշխել բոլոր ծառերին եւ փորել նոր առուներ։

***

…Նրանք կարող են նորմալ ընկեր լինել, կարող են լինել հայրենասեր, բայց միեւնույն է՝ «ժուլիկը» մնում է «ժուլիկ»։ «Ժուլիկությունը» նրանց էության մեջ է, եւ նրանք գործում են ավելի շատ բնազդաբար։

Այլ բան է նրանց պարագան, ում խաբում են «ժուլիկները»։ Երբեմն անհատներ, երբեմն կոլիկտիվներ, երբեմն՝ մի ամբողջ ժողովուրդ։

Նախ պետք է ասել, որ հեշտ չէ չխաբվելը, բավականին դժվար է։ Երբ ասենք ազնիվ մեկը մի գործարարի առաջարկում է դնել պայմանական տասը դրամ եւ մեկ ամիս հետո տասներկուսը, գործարարը մտածում է, որ իրեն խաբում են, եւ չի համաձայնում։ Բայց երբ առաջարկողը ոչ թե ազնիվ մեկն է, այլ «ժուլիկ», եւ առաջարկում է տասը դրամը մեկ ամսում դարձնել ոչ թե տասներկու, այլ՝ հարյուր, գործարարը, չգիտես ինչու, նրան հավատում է եւ կուլ է տալիս խայծը։

Սա՝ անհատների պարագայում։

Ավելի բարդ է ժողովուրդների պարագան։ Երբ ընտրությունների ժամանակ ազնիվ քաղաքական գործիչը խոստանում է բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը պայմանական տասը տարում եւ տասը տոկոսով, ժողովուրդը նրան չի հավատում։ Փոխարենը հավատում է «ժուլիկին», ով խոստանում է դա անել անմիջապես եւ հարյուր տոկոսով։

Բայց ինչո՞ւ միայն ընտրությունների ժամանակ։ Լինում է նաեւ այնպես, որ ժողովուրդը հավատում է «ժուլիկներին», գնում նրանց հետեւից եո հեղափոխություն անում։

***

Քսյուշան մտածում էր, որ Աստծո ամենատարօրինակ ստեղծագործութունն է լեռը։ Ինչպես նաեւ մարդը։ Ինչո՞ւ է մարդը ձգտում բարձունքի։ Որպեսզի վերեւի՞ց նայի իրպեսներին, ինչպես լեռն է նայում դաշտերին ու գետերին, անտառներին ու լճերին, որ նույնպես Աստծո ստեղծագործությունն են։

Ահա հյուրանոցի այս համարը, ուր մեկ գիշեր մնալու համար ինքը վճարում է հազար յոթ հարյուր հիսուն շվեյցարական ֆրանկ։ Ավելի ճիշտ, վճարում է ոչ թե ինքը, այլ Մարկը, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում։ Պահարանում կախված է երկու կիսամուշտակ, մեկը՝ ջրասամույրի, մյուսը՝ շինշիլայի մորթուց, որոնցից յուրաքանչյուրի արժեքը տասն անգամ գերազանցում է աղքատ երկրներում ապրող սովորական մարդկանց տարեկան եկամուտը։ Երեկվա ընթրիքի համար Մարկը վճարեց մոտ հազար ֆրանկ, որից յոթ հարյուրը մեկ շիշ շամպայնի արժեքն էր, մինչդեռ աշխարհում մի տեղ, ասենք Բոտսվանայում կամ Նեպալում կամ ինչու շատ հեռուն գնալ՝ իր հայրենիք Հայաստանում, շատ շատերն օրվա հացի փող չունեն։

Comment here