ԳլխավորԼուր

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր տեղի է ունեցել Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության «Ագրոբոտ» կենտրոնի բացումը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Կրթական ծրագրերի կենտրոնի» (ԾԻԳ) տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք, կենտրոնի ստեղծմանն աջակցած միջազգային կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ։

«Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը ստեղծվել է Զարգացման և վերակառուցման միջազգային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում՝ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) կողմից։

«Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» ծրագրի բյուջեն կազմել է ավելի քան 118 մլն դրամ:

Ժամանակակից պահանջներին համապատասխանող կենտրոնը կծառայի գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի կրթական ծրագրերի և գիտական հետազոտությունների զարգացմանը՝ նպաստելով մրցունակ մասնագետների պատրաստմանը և բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը։

ՀԱԱՀ-ում 2025 թվականի սեպտեմբերից ներդրվել է «Ագրոմեխատրոնիկա և ճշգրիտ ռոբոտատեխնիկա» մասնագիտական կրթական ծրագիրը: Այս մասնագիտությամբ սովորող ուսանողները ներկայացրել են մեկ տարվա ընթացքում կուտակած փորձն ու ձեռքբերումները:

Միջոցառման ընթացքում հյուրերը շրջել են «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնում հիմնված ժամանակակից AgrobotLAB և ITLab լաբորատորիաներում, ծանոթացել ժամանակակից ռոբոտներով և լաբորատոր սարքավորումներով հագեցած աշխատանքային և ուսումնահետազոտական լսարաններին:

Ծրագրի շահառուներն են ՀԱԱՀ ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի և բուհի քոլեջի համապատասխան մասնագիտությունների ուսանողները, դասախոսները, ասպիրանտները, հետազոտողները, ֆերմերները, գյուղատնտեսության մեքենայացման մասնագետները, ոլորտի հետազոտողները, «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաները և այլոք։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews