ԳլխավորԼուր

Ագրարային համալսարանն այս տարի 1071 շրջանավարտ է տվել

Ագրարային համալսարանն այս տարի 1071 շրջանավարտ է տվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր մասնակցել է 2023/24 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ողջունելով շրջանավարտներին և շնորհավորելով մասնագիտական կրթության կարևորագույն փուլի ամփոփման առիթով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ շրջանավարտները հասուն կյանք են մուտք գործում որպես մասնագետի որակավորում և անհրաժեշտ կարողունակություններ ունեցող քաղաքացիներ:

Նա տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ է դրել նաև ագրարային ոլորտի որոշ մասնագիտություններ գերակա ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծ, ինչի արդյունքում այս ուղղություններով սովորողներն ավելի բարձր կրթաթոշակ կստանան: Նախագծով առաջարկվում է գերակա մասնագիտությունների ցանկում ներառել անասնաբուժություն, ագրոնոմիկա, անտառային տնտեսություն, անասնաբուծություն, պարենամթերքի տեխնոլոգիա, ագրարային ճարտարագիտություն մասնագիտությունները՝ 2024-2025 ուսումնական տարում բուհ ընդունված ուսանողների համար ըստ առաջադիմության սահմանելով ամսական 70-77 հազար դրամ կրթաթոշակ:

Ագրարային համալսարանն այս տարի 1071 շրջանավարտ է տվել
Ագրարային համալսարանն այս տարի 1071 շրջանավարտ է տվել

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանը ևս ողջունել է ավելի քան 90-ամյա պատմություն ունեցող համալսարանի 2023 — 2024 ուստարվա շրջանավարտներին:

«Դուք բուհն ավարտում եք մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում մարտահրավերներով ու անորոշություններով, բայց նաև զարգացման համար շրջադարձային հնարավորություններով լի ժամանակաշրջանում։ Վստահ եմ, որ պատրաստ եք կարևոր դեր ստանձնել սպասվող դրական զարգացումներում, ավելին՝ կարող եք լինել դրա շարժիչ ուժը»,- նշել է Հրաչյա Զաքոյանը:

Այս ուսումնական տարում Հայաստանի ազգային ագրարային համալսարանն ունի 1071 շրջանավարտ՝ բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով: