ԳլխավորԼուր

Այդ ո՞ւր` առանց ագրոնոմի, անասնաբույժի ու սննդագետի. «Հայաստանը խայտառակ խնդիրների է բախվելու»

Երաշտ

«Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ», «Ագրոէկոլոգիա», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում», «Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա», «Ճշգրիտ գյուղատնտեսություն». սրանք այն մասնագիտություններն են, որոնք Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այս տարի դիմորդների կողմից առհասարակ չեն հայտագրվել:

Սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանը Usanogh.am-ի հետ զրույցում նշում է, որ իրականում գյուղատնտեսական կրթության նկատմամբ պահանջարկի նվազում միայն Հայաստանում չէ, որ առկա է.

«Զարմանալիորեն նման միտումներ կան ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում, սակայն պատճառները էականորեն տարբերվում են։ Օրինակ` առկա են հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ այն երկրներում, որտեղ պետական աջակցությունը գյուղատնտեսության նկատմամբ արդյունավետ չէ, օժանդակումը ցածր մակարդակի վրա է, կամ գյուղատնտեսական վարկերն ու լիզինգները դժվար հասանելի են կամ բարձր տոկոսադրույքներով, այդ երկրներում տարեցտարի նվազում է գյուղատնտեսական մասնագիտությունների նկատմամբ պահանջարկը»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով` Հայաստանում, ցավոք, այդ ուղղությամբ լուրջ հետազոտություններ չեն իրականացվել կամ դրանք հասանելի չեն բաց աղբյուրներում.

«Բայց եթե նայեք այս տրամաբանությամբ, ապա Հայաստանի խնդիրներն ավելի նման են զարգացող երկրների մարտահրավերներին։ Երիտասարդ կամ ապագա մասնագետների համար բնական է` կարևոր են շուկայի հնարավորությունները։ Գյուղական համայնքի երիտասարդը, որը տեսնում է գյուղացու աշխատանքի բարդությունները և ցածր եկամուտը, հասկանալի է, որ ավելի քիչ է մոտիվացվում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու համար»։

Դավիթ Պիպոյանը նկատում է` այս հանգամանքը չի կարող իր ուրույն դերը չխաղալ գյուղատնտեսական կրթության նկատմամբ պահանջարկի նվազեցման հարցում:

Նա նշում է, որ այն երկրներում, որտեղ ներդված չեն գյուղատնտեսական պատշաճ պրակտիկաներ և պետությունը գործուն քայլեր չի ձեռնարկում, նվազում է հետաքրքրությունը գյուղատնտեսական կրթության նկատմամբ. «Այս տեսանկյունից ևս Հայաստանում առկա են խնդիրներ: Եթե բուսական ծագման մթերքի արտադրության ոլորտում Հայաստանում ներդրված լինեին այդ գործելակերպերը, չէր կարող ագրոնոմիական մասնագիտությունների բում չլինել: Կամ եթե սննդի անվտանգության ոլորտում պարտադիր լիներ ռիսկերի վրա հիմնված անվտանգության կառավարման համակարգի պահանջը, ապա պարենամթերքի տեխնոլոգիաների, ինչպես նաև անասնաբուժական սանիտարական փորձաքննության մասնագիտությունները կլինեին երկրի ամենապահանջված մասնագիտություններից»:

Գիտնականի խոսքով` քանի որ ոլորտում տարվող պետական քաղաքականությունը շատ հեռու է միջազգային առաջավոր փորձից, բավական նորմալ է, որ տարեցտարի ոչ մի դիմորդ չի ցանկանում ձեռք բերել նշված մասնագիտությունները։

Դավիթ Պիպոյանն ընդգծում է` այսօր ամբողջ աշխարհում լայն թափով զարգանում է, օրինակ, թվային գյուղատնտեսությունը, իսկ Հայաստանում մասնագիտացված եզակի բուհում այդ մասնագիտությամբ չկան դիմորդներ, քանի որ շուկան դեռ նորարարական չէ.

«Բայց պետք է հաշվի առնել կարևոր հանգամանք` գյուղատնտեսության մասնագետները մասնակցում են պարենային ապահովության հիմնախնդիրների լուծմանը: Չես կարող առանց ագրոնոմի, անասնաբույժի, կենդանագետի կամ սննդի անվտանգության մասնագետների երկրում ապահովել ո´չ պարենային ապահովություն, ո´չ սննդի անվտանգություն։ Տարիներ հետո Հայաստանը խայտառակ խնդիրների է բախվելու. պարզապես մասնագետներ չեն լինելու կարևորագույն այս ոլորտներում: Այնպես որ, եթե կառավարությունը կարծում է, որ փակելով գյուղատնտեսության նախարարությունը, հնարավոր է լուծել ագրարային քաղաքականության խնդիրը, ապա պետք է հիասթափեցնեմ իրենց, դա հնարավոր չէ»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Usanogh.am-ն ավելի վաղ ներկայացրել է 2023-ին չհայտագրված այլ մասնագիտություններ ևս` «Թատերագիտություն», «Կինոգիտություն», ինչպես նաև երաժշտական ոլորտի մի շարք մասնագիտություններ:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ