ԳլխավորԼուր

«Չնչին աշխատավարձն է պատճառը». բլուլը, սրինգն ու ֆագոտը մեր դիմորդներին չեն հետաքրքրում

Նորայր Դավթյան

«Գործիքային կատարողականություն-ջազ հարվածային գործիքներ», «Գործիքային կատարողականություն-ֆագոտ», «Գործիքային կատարողականություն-բլուլ», «Գործիքային կատարողականություն-ջազ-սաքսոֆոն», «Գործիքային կատարողականություն-սրինգ», «Գործիքային կատարողականություն-ջազ դաշնամուր» մասնագիտությունները Երևանի պետական կոնսերվատորիայում 2023-ին առհասարակ չհայտագրված մասնագիտությունների ցանկում են:

ԵՊԿ Գյումրու մասնաճյուղում էլ «Արվեստաբանություն», «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում», «Գործիքային կատարողականություն-կլարնետ», «Դիրիժորություն», «Երաժշտական արվեստ» մասնագիտություններն են չհայտագրվածների ցանկում: Usanogh.am-ը Հայաստանի ազգային նվագարանների նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանի հետ զրուցել է դիմորդների շրջանում այս մասնագիտությունների հանդեպ հետաքրքրության համընդհանուր բացակայության և դրա պատճառների մասին:

«Բանն այն է, որ դիմորդները իրենց ապագան այս մասնագիտությունների հետ չեն կապում: Նրանք գիտեն` այնպես չէ, որ լավ երաժիշտ դառնալու պարագայում կարող են նվագախմբերի կոլեկտիվներում աշխատանք գտնել, իսկ եթե նույնիսկ գտնեն, այն բավական ցածր, չնչին է վարձատրվելու, չեն կարողանալու ընտանիք պահել: Մեր նվագախմբի երաժիշտը, օրինակ, ամսական 75-78 հազար դրամ է ստանում: Ոմանք կարողանում են զուգահեռ նվագել, ասենք, ռեստորաններում, բայց ոմանց դա չի հաջողվում»,-ասում է Նորայր Դավթյանը:

Նրա խոսքով` երաժշտությունն այսօր դարձել է հոբբիի պես մի բան: Նորայր Դավթյանը նշում է` երբ 2005-ին իրենց նվագախումբը պետական կարգավիճակ ստացավ, ինքը մտածեց, որ այն կարող է այլընտրանք դառնալ Հայաստանում մեծ տարածում ունեցող անորակ երաժշտությանը: Այդ հույսերը, սակայն, այդպես էլ չարդարացան:

«Գիտականորեն ապացուցված է, որ, օրինակ` քամանչան հայկական գործիք է: Բայց տեսեք` մի տխուր բան ասեմ: Դեռևս 1987-ին ուսանողիս հետ մեկնել էինք Բաքու` մասնակցելու մրցույթի: Բաքվի կոնսերվատորիայի դեկաններից մեկին հարցրի, թե իրենց մոտ քամանչայի և թառի գծով քանի ուսանող ունեն: Ասաց` քամանչահարների լսարանում 97 հոգի ունեն, թառահարների լսարանում` 78: Համեմատության համար նշեմ, որ այդ պահին Երևանի կոնսերվատորիայի քամանչահարների իմ լսարանում 4-5 ուսանող կար: Ցավոք, խնդիրը ոչ միայն չլուծվեց, այլև գնալով ավելի խորացավ: Բաքվի փողոցային երաժիշտներից ամեն երկրորդը քամանչահար է, իսկ մեզ մոտ ճրագով պետք է ման գաս, որ քամանչահար գտնես»,-եզրափակեց Նորայր Դավթյանը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ