ԳլխավորԼուր

ԵՊԿ դասախոսը երկրորդ տեղն է գրավել կոմպոզիտորական երրորդ միջազգային մրցույթում

Կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, «Ասոնանս» անսամբլի դիրիժոր Արթուր Աքշելյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացվող կոմպոզիտորական երրորդ միջազգային մրցույթում գրավել է երկրորդ տեղը, usanogh.am-ին տեղեկացնում են ԵՊԿ լրատվական ծառայությունից։

Մրցույթի կազմկոմիտեն ստացել էր 355 ստեղծագործության հայտ, որից հեղինակավոր ժյուրին՝ շվեյցարացի կոմպոզիտոր Միքայել Ժարելի գլխավորությամբ, ընտրել էր լավագույն 12-ը, այդ թվում՝ Ա․ Աքշելյանի «Երեք պիես նվագախմբի համար»։ Հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը կկատարի մրցույթի երեք պաշտոնական նվագախմբերից մեկը՝ Բազելի սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ֆրանսեսկ Պրատի ղեկավարությամբ։

Մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է չինացի Յիքինգ Ժուն, երրորդ հորիզոնականը՝ իսպանացի Միգել Մորատեն։

Կոմպոզիտոր, դիրիժոր Արթուր Աքշելյանը ծնվել է 1984 թ. դեկտեմբերի 28-ին, Երևանում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում (Վարդան Աճեմյանի դասարան), այնուհետև ժնևի Բարձրագույն երաժշտական դպրոցում (Միքայել ժարելի դասարան), ինչպես նաև Բոստոնի համալսարանում՝ աշխատելով  Ռ. Քորնելի հետ։ Հանդիպում-սեմինարներ է ունեցել անվանի կոմպոզիտորներ Ի. Ֆեդելեի, Կ. Սարիահոի, Ս. Գերվասոնի, Ս. Գուբայդուլինայի և այլ անվանի երաժիշտների հետ։

Ստեղծագործում է հիմնականում կամերային և նվագախմբային ժանրերում։ Համագործակցել է բազմաթիվ անսամբլների և նվագախմբերի հետ, այդ թվում՝ Nouvel Ensemble Moderne (Մոնրեալ), Ensemble Intercontemporain (Փարիզ), Ensemble Insomnio (Ամստերդամ), Arditti Quartet (Լոնդոն), Ensemble Moderne Lemanic, Ensemble Contrechamps,  «Պրե-արտ» անսամբլ  (Ժնև), Musique Nouvelles (Բրյուսել),  Ensemble Divertimento (Միլան) և այլն։

Մասնակցել է մի շարք փառատոների, որոնցից են  «Musica Nova»,  «Festival Amadeus», «Gaia Festival», «Shanghai New Music Week»,  «Gaudeamus New Music Week», «Abeldoben»  և այլն:

Կոմպոզիտորին բարձր են գնահատել  տարբեր միջազգային մրցույթներում, որոնցից են Մոնրեալի NEM երիտասարդ կոմպոզիտորների ֆորումը (2-րդ մրցանակ «Տուշպուեա» անսամբլի համար), Ժնևի մրցույթը (1-ին մրցանակ, Լարային կվարտետ), «Գաուդեամուս»  (հատուկ մրցանակ, «Lichtfarben»  ջութակի և անսամբլի համար), «Պրե-արտ» մրցույթները (1-ին մրցանակ, «Kyrie» չորս գործիքի համար) և այլն։   Վերջին շրջանում համագործակցում է «Dilijan chamber music series»-ի, «Ֆեստիվալ Ֆլաժե»-ի, «Orpheus» մրցույթի, «ՄինկոՖ» հիմնադրամի և այլ կազմակերպությունների հետ։

2019 թ.-ից վերադառնալով Հայաստան՝ աշխատում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում և Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

Comment here