ԳլխավորԼուր

Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. «Հետք»

Հնդիկ ուսանողները «Հայբուսակ»-ի մոտ

«Հայբուսակ» համալսարանի արտասահմանցի ուսանողները (մեծ մասամբ՝ հնդիկ, կան նաև ուսանողներ Իրանից և Իրաքից) դժգոհում են, որ համալսարանը իրենց չի թողնում մասնակցել ավարտական քննություններին, գրում է «Հետք»-ը։

Հնդիկ ուսանողները նշում են՝ համալսարանը ավարտական քննությունից առաջ որոշել է նախաթեստ (pretest) անցկացնել։ Քննությունից հետո պարզվել է, որ նախաթեստը ձախողած ուսանողները չեն կարողանա մասնակցել ավարտական քննություններին։

Ուսանողները դժգոհում են՝ ասելով, որ ոչ մի համալսարանում նման բան չկա, և նախաթեստ պետք է հանձնեն միայն արտասահմանցի ուսանողները։ Իսկ իրենց չեն զգուշացրել քննության կարևորության մասին, այլ ասել են՝ մի մտահոգվեք, սա սովորական քննություն է։

Ըստ մի շարք ուսանողների՝ իրենցից պարզապես գումար են ուզում ստանալ։

360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։

Ուսանողներից մեկը նշում է՝ իրենցից ոչ ոք դեռ գումարը չի վճարել, սակայն ակնհայտ է՝ համալսարանը գումար է ուզում։

«Ինչո՞ւ պետք է վճարեմ։ Հավելյալ կուրսերի համար 400 000 դրամ են ուզում… Դա ապօրինի քննությունն է, նախարարությանը չեն զգուշացրել։ Նախարարությունն է վերցնում քննություն, նախարարությունն էլ թող որոշի՝ ում է դիպլոմ տալիս»։

Թեմայի մասին «Հետք»-ը նամակ էր ստացել հնդիկ ուսանող Ադեշից (անունը փոփոխված է)։

Ադեշը հայտնել էր, որ որոշ ուսանողներ՝ կապված քննությունը ձախողելու հետ, վատ հոգեբանական վիճակում են եղել և ինքնավնասման փորձ են արել։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։