ԳլխավորԼուրԿրթություն

Սկսվում է ավարտական ու միասնական քննությունների հայտագրումը

Գնահատման և թեստավորման կենտրոնը ս․թ․ դեկտեմբերի 15-ից սկսում է 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (I փուլ, հունվար) հայտագրման գործընթացը, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը Գնահատման և թեստավորման կենտրոնի info@atc.am էլեկտրոնային հասցեին է ուղարկում դեկտեմբերի 15-ից 30-ը։

Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:

Շրջանավարտը (դիմորդը) առարկայական դիմում-հայտում լրացնում է առավելագույնը երկու միասնական քննություն։ Շրջանավարտը դիմում-հայտը լրացնելու համար դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, նախորդ տարիների շրջանավարտները և 2022-2023 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:

Այլ մանրամասների տեղեկացեք Գնահատման և թեստավորման կենտրոնի atc.am կայքում: