ԳլխավորԿրթություն

2020-2021 ուսումնական տարվա համար բուհերը դիմորդների պակաս չունեն

«Արմենպրես»-Հայաստանում հուլիսի սկզբին միասնական քննությունները հանձնելու համար ստեղծված բոլոր քննական կենտրոններում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները։ 2020-2021 ուսումնական տարվա համար բուհերը դիմորդների պակաս չունեն։

2020-2021 ուսումնական տարվա միասնական քննությունների անցկացման մասին «Արմենպրես»-ը զրույցել է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանի, ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանի, ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանի, ՃՇՀԱՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Սարգսյանի հետ։

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը նշեց, որ այս տարի, ելնելով կորոնավիրուսային հիվանդության պատճառով երկրում հաստատված արտակարգ դրությունից և այն հանգամանքից, որ պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները՝ դիմորդներն ամեն մասնագիտության համար նախկին երեք քննության փոխարեն հանձնելու են մեկը։

«Դիմորդները դեռևս հայտեր են լրացնում և, երբ այդ հայտագրումն ավարտվի, այսինքն՝ հունիսի 15-ից հետո, կկարողանանք ավելի հստակ հասկանալ, թե քանի քննական կենտրոն հարկավոր կլինի։ Մինչ հայտագրման ավարտը, ԳԹԿ-ի մասնագետներն այցելում են մարզեր, լինում նախորդ տարվա քննական կենտրոններում, տեսնելու, թե որքանով է հնարավոր այս տարի այդ նույն կենտրոններում քննություն կազմակերպել։ Այս պահին որոշ նախնական պատկերներ արդեն հայտնի են, սակայն ամբողջական տեղեկություն տալ դեռևս չենք կարող»,- ասաց Գրիգորյանը։

ԳԹԿ-ի մասնագետներն արդեն ուսումնասիրել են, թե որ քննական կենտրոնում է անհրաժեշտ սեղաններ և նստարաններ ավելացնել, որտեղ հնարավոր կլինի դրանք ավելի հեռու դնել իրարից կամ որտեղ շենքային պայմանները թույլ կտան ևս մի քանի քննական սենյակ բացել։

ԳԹԿ-ն ուսանողներին տրամադրելու է դիմակներ, տարածքներում լինելու են նաև ախտահանող միջոցներ։

ԵՊՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ իրենց համալսարան արդեն դիմել է ավելի քան 1300 մարդ։

«Ամենաշատը դիմել են Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներ։ Դիմում-հայտերի պակաս այս տարի չունենք, և ինչպես նախորդ տարիներին, ուսանողների թվաքանակը մեծ կլինի»,- նշեց Արմեն Սարգսյանը։

Անդրադառնալով ներբուհական քննություններին, նա ընդգծեց, որ ԵՊՀ-ում այն միշտ մեկն է եղել՝ «Լրագրություն» մասնագիտության համար հանձնել են «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկան։

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատուն ասաց, որ 2020 թվականին այդ քննությունը չի լինելու երկրում տիրող արտակարգ դրության պատճառով։

«Այս տարի հանվեցին բոլոր բանավոր քննությունները և Լրագրության ֆակուլտետի ուսանողները կկարողանան ընդունվել միասնական քննության ժամանակ հանձնելով «Հայոց լեզու և գրականություն» առարկան։ Մյուս մասնագիտությունների համար դիմողները նույնպես միասնական քննությունների ժամանակ կհանձնեն միայն մեկ առարկա»,- նշեց Արմեն Սարգսյանը։

Միասնական քննություններն անցկացվելու են ԳԹԿ քննական կենտրոններում՝ հուլիսի 1-ից 8-ը։

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here