ԳլխավորԼուր

Ճարտարագետը խնդիրներ լուծող մարդն է. 97 դպրոցականներ մասնակցել են «ԴԻՋԻԿՈԴ 2024»-ի եզրափակիչ փուլին

«ԴԻՋԻԿՈԴ 2024»

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման պատանեկան 9-րդ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը:

Մրցույթն անցակցվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագործակցությամբ։

Ամփոփիչ միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը:

Միջոցառման մասնակիցներին դիմելով՝ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը նշել է.

«Դուք ընտրում եք ճարտարագետ դառնալու ճանապարհը, իսկ ճարտարագետը խնդիրներ լուծող մարդն է։ Խնդիրներ լուծելու համար ձեզ առաջին հերթին պետք են լինելու գիտելիքներ և հմտություններ: «Արմաթ»-ում դուք կրթվում եք նաև որպես հայ ճարտարագետ, որը պետք է լուծի ինչպես իր երկրի, այնպես էլ հետագայում նաև մոլորակի խնդիրները, իսկ խնդիրները լուծելու ամենահիմնարար ուղին կրթությունն է»:

Այս տարի «ԴԻՋԻԿՈԴ 2024»-ին մասնակցության հայտ են ներկայացրել 1300-ից ավելի աշակերտներ ինչպես Հայաստանի բոլոր մարզերից ու Երևանից, այնպես էլ Ջավախքից ու արտերկրից։

Մրցույթն անցկացվել է երեք փուլերով՝ նախամարզային, մարզային և հանրապետական: Եզրափակիչ՝ հանրապետական փուլին մրցել են 97 մասնակիցներ՝ 88 թիմով: Եզրափակիչ փուլի ընթացքում մասնակիցները համակարգչային խաղ, վիրտուալ աշխատանոց, սարքերի ինտեգրում անվանակարգերով ներկայացրել են իրենց ստեղծած խաղերը։ Անցկացվել է նաև օլիմպիադա՝ «Կրիայ» և «Փայթն» ծրագրավորման երկու լեզուներով։

Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ներկայացուցիչներ ԲՏԱ նախարարությունից ու «ARLOOPA», «STEMAR», «RELCU», «ARDESK» ընկերություններից։

Մրցույթի կազմակերպման գործընկերն է Հայաստանում ամերիկյան համալսարանը։

«ԴԻՋԻԿՈԴ 2024»
«ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման պատանեկան 9-րդ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը