ԳլխավորԼուր

Լուսանկարների մրցույթ. «Մատենադարանն իմ աչքերով»

Մատենադարան

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը  հայտարարում է լուսանկարների մրցույթ:

● Մրցույթին կարող է մասնակցել 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ ցանկացած երկրից։

● Ամեն մի մասնակից կարող է ուղարկել առավելագույնը 3 լուսանկար։

● Լուսանկարները կարող են պատկերել Մատենադարանի և՛ արտաքին ճարտարապետության, և՛ ներքին հարդարանքի տարրեր։

● Լուսանկարները պետք է լինեն միայն JPG, jpg  ձևաչափով, գերադասելի է 300 dpi ծավալով։

● Լուսանկարների վրա չպետք է լինեն հեղինակային իրավունքը փաստող մանրամասներ (անուն, ազգանուն, գրական կեղծանվան հապավված տարբերակ, հեղինակային իրավունքի նշանի (©) կիրառում) հանձնաժողովի անկողմնակալ գնահատականին արժանանալու համար։

● Այլ մրցույթների մասնակցած կամ տպագրված լուսանկարները ևս ընդունվում են:

Ապրիլի 11-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Մատենադարանի ներսում կթույլատրվի լուսանկարչական սարքով լուսանկարել, սակայն առանց լուսաբռնկիչի (flash, фотовспышка) կիրառման։ Մրցույթի վերջնաժամկետն է մայիսի 1-ը։

Մատենադարան մուտքը կթույլատրվի թանգարանային տոմսերով:

Մրցույթի համար ուղարկված լուսանկարները հնարավոր է հետագայում հեղինակային իրավունքների պահպանմամբ հրապարակվեն Մատենադարանի սոցիալական էջերում կամ հրատարակվեն Մատենադարանի կողմից երաշխավորված գրքերում, ուստի մրցույթին մասնակցելով, փաստացի, այդ առումով լուսանկարիչը տալիս է իր համաձայնությունը։

Լուսանկարի թվային տարբերակն անհրաժեշտ է ուղարկել pr.matenadaran@gmail.com էլ. հասցեին՝ վերնագրում (subject) նշելով «Լուսանկարների մրցույթ»: Նամակում պարտադիր է նշել․

● Հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը,

● Տարիքը,

● Քաղաքը, երկիրը,

● Լուսանկարի վերնագիրը,

● Լուսանկարի ստեղծման տարեթիվը,

● Հեռախոսահամարը։

Ըստ հանձնաժողովի գնահատման արդյունքների՝ կլինի երեք հաղթող, որոնց կտրվեն

● Առաջին հորիզոնական՝ 150 000 դրամ, պատվոգիր և խրախուսական նվերներ,

● Երկրորդ հորիզոնական՝ 100 000 դրամ, պատվոգիր և խրախուսական նվերներ,

● Երրորդ հորիզոնական՝ 50 000 դրամ, պատվոգիր և խրախուսական նվերներ։

Եզրափակիչ փուլ անցած 20 լուսանկար մայիսի 20-ից կցուցադրվի Մատենադարանի քարադարանի ճեմասրահում, իսկ լուսանկարիչներին կտրամադրվի պատվոգիր մրցույթին մասնակցելու և եզրափակիչ փուլ անցնելու համար։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն և մրցանակները կհանձնվեն մայիսի 20-ին՝ ժամը 19:00-ին, «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում։