Վերջին ուսումնական տարում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 18 մասնագիտություններից 11-ի գծով որևէ դիմորդ չկա, քանի որ աշխատաշուկայում այդ մասնագիտությունները տեղ չունեն և բավական ցածր են վարձատրվում: Usanogh.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում կրության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Նշենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր ահազանգել էր այն մասին, որ գյուղատնտեսությունը գրավիչ չէ մեր երիտասարդության համար և նշել, որ բավական մտահոգիչ է մեծ թվով թափուր տեղերի առկայությունն այդ բուհում:
Սերոբ Խաչատրյանը, սակայն, մի շտկում է անում` ասել, որ 11 մասնագիտությունների գծով առհասարակ դիմորդ չի եղել, այդքան էլ ճիշտ չէ. «Բուհն ունի հենակետային վարաժարաններ, որտեղից եղել է ներքին ընդունելություն, դա կազմակերպվել է նաև հեռակա ուսուցման միջոցով, 11 մասնագիտությունների գծով առհասարակ դիմորդ չի եղել ընդհանուր քննությունների արդյունքում, որը, իհարկե, մտահոգիչ է»:
Փորձագետի խոսքով` այսօր Հայաստանում երիտասարդներն իրենց ապագան գյուղի հետ չեն կապում: Նա նկատում է` մարզերում անասնաբույժ կա` ամսական 15 հազար դրամ աշխատավարձ է ստանում. «Գյուղատնտեսության գծով մասնագիտությունները Հայաստանում եկամտաբեր չեն, դրանք յուրացնելն էլ, ի դեպ, հեշտ չէ: Պետության գերխնդիրը պետք է լինի աշխատավարձերի բարձրացման միջոցով այդ մասնագիտություններն ավելի գրավիչ դարձնելը»:
Սերոբ Խաչատրյանը շեշտում է` միայն ԿԳՄՍ նախարարությունը չի կարող այս խնդիրը լուծել. համալիր մոտեցում է հարկավոր. «Հիմա ԿԳՄՍ նախարարությունն, օրինակ, այդ ֆակուլտետներում, որտեղ դիմորդ չկա, ամսական 70 հազար թոշակ է նշանակում: Բայց ես վստահ եմ, որ դրա արդյունքը հետևյալն է լինելու` որոշ թվով դիմորդներ կգնան, կընդունվեն այդ ֆակուլտետներ, կստանան թոշակները, դիպլոմը, իսկ հետո աշխատաշուկայում կգնան բոլորովին այլ, ավելի եկամտաբեր մասնագիտության ետևից: Այսինքն` եթե աշխատաշուկայում այս խնդիրը չլուծվի, ոլորտը կշարունակի մնալ ոչ գրավիչ»:
Հիշեցնենք՝ 2022-23 թթ. ուստարվա համար ընդունելության հիմնական փուլի արդյունքներով բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել էր 1433-ը, իսկ 21761 վճարովի տեղերից՝ 6518-ը. 550 անվճար ու ավելի քան 15 հազար վճարովի տեղ մնացել էր թափուր: