ԳլխավորԼուր

Հայտնի են ՀՀ 2024 թ. լավագույն ուսանողները. նրանք 238-ից 398 հազար դրամ կրթաթոշակ կստանան

Ուսանողները ԵՊՀ-ի բակում՝ սեպտեմբերի 1-ին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024թ. մրցույթի արդյունքները:

Մրցույթի արդյունքում առաջին, երկրորդ և երրորդ տեղ գրաված 37 ուսանող կստանա համապատասխանաբար 398 000 ՀՀ դրամ (14 ուսանող), 318 000 ՀՀ դրամ (12 ուսանող) և 238 000 ՀՀ դրամ (11 ուսանող) կրթաթոշակ (թվերը կլորացված են):

Մրցույթին մասնակցել են առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բուհերի ուսանողները՝ հետևյալ ոլորտներում.

  • բնագիտություն (այդ թվում՝ մաթեմատիկա և ՏՀՏ),
  • հայագիտություն,
  • հումանիտար գիտություններ,
  • հասարակագիտություն,
  • ճարտարագիտություն (այդ թվում՝ ճարտարապետություն/գյուղատնտեսություն),
  • մշակույթ-սպորտ,
  • բժշկություն:

Մրցույթն անցկացվել է ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով: Հաղթողները որոշվել են հավաքած առավելագույն միավորների քանակով՝ ըստ 3-10 միավորանոց գնահատման սանդղակի (հավասար միավորների դեպքում հաշվի  են առնվել ուսանողի առաջադիմությունը և կարգով սահմանված այլ չափանիշներ):

Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում, նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, խթանել ուսանողների մասնակցությունը և ձեռքբերումները մասնագիտական ոլորտների աշխատանքներում, ինչպես նաև խթանել մրցակցությունը բուհերի ուսանողների միջև: