Նա արթնացավ աշնանային Ստրասբուրգի արվարձանային մի երկհարկանի, փայտե հյուրատան իր սենյակում՝ ջրհորդանից թափվող անձրեւաջրի ձայնից։
Լուսամուտից այն կողմ ցերեկը ամեն կերպ ջանում էր լուսավորելու համար օրը՝ հուսահատ փորձելով ճեղքել մռայլ ամպերով զարդարված երկնակամարը։
Սենյակում տաք էր, նույնիսկ՝ շոգ։ Մոտեցավ դռան մոտի սեղանիկին, վերցրեց առաջին հարկի պանդոկից արդեն բերված եռման սուրճը, որից ոչ այն է փայտի, ոչ այն է՝ ռոմի հոտ էր գալիս։
Ապա մարզահագուստը վրան գցելով՝ դանդաղ դուրս եկավ փայտե պատշգամբ, որտեղ ընդամենը մեկ մարդու կանգնելու չափ տեղ էր։ Վառեց սիգարետը (մի քանի վայրկյան ժպտաց՝ կրակայրիչն ինչ-որ բան հիշեցրեց), մի թեթեւ սրթսրթաց ծածկի տակից իրեն հասած անձրեւափոշուց, ու փորձեց հասկանալ՝ երբ սկսվեց այս ամենը։
***
Կիսաճմռթված անկողնում աչքերը փակ պառկած՝ նա զուտ կանացի չգիտեսորերորդ զգայարանով զգում-տեսնում էր տղամարդու թիկունքը՝ լուսամուտի ու պատշգամբի ճաղաշարի արանքում խցկված, հստակ շնչում էր սիգարետի հոտը ոչ այն է՝ ապակու մի անկյունից ճեղքի, թե ամպերի մեջ կորչող գիշերվա շնորհիվ, որի մեծ մասն արթուն էին անցկացել՝ երազային-երազանքային վիճակով։
Հետո ալարկոտ-հովազային շարժումով դանդաղ դուրս բերեց մարմինը վերմակի տակից, ու նույնքան ճկուն-սովոր, բայց ընդամենը միքանի շարժումով հագնվեց այնքան, որ ամոթ չլիներ դուրս գալ , ու սահելու պես հեռացավ՝ դռան մոտիկ սեղանիկին թողնելով մի ծալծլված գրություն։
***
Առաջին պահին չհասկացավ, որ մենակ է։ Մի քանի րոպե անց, սակայն, կարդում էր գրությունը չհավաքված անկողնու եզրին նստած՝ սիգարետը ձեռքին. նա, ում համար սենյակում չէր ծխում երբեք, արդեն չկար։
Ու չէր հասկանում՝ տխո՞ւր է, թե՞ բարկացած, քանի որ անակնկալներ երբեք չէր սիրել։ Ու փորձում էր դասավորել իր օրվա (դեռ միայն մեկ օրվա) հետագա ժամերը՝ մտքի մի անկյունից անընդհատ հրելով «Ինչ լավ է…» այդ պահին անտեղի թվացող միտքը, որից, չգիտես ինչու, չէր ամաչում։
Հարգելի ընթերցող, վերջաբաններից որը կնախընտրեք՝ գրեք, նշեք, քվեարկեք մեր տելեգրամյան ալիքում ու ֆեյսբուքյան խմբի մեկնաբանություններում։
Տարբերակ 1
«Չեմ ուզում քեզ համար վերջնականապես սովորություն դառնալ՝ ծխելու, սուրճ խմելու, արագ նախաճաշելու, առավել եւս՝ ավտոմեքենա վարելու պես ու չափ։ Չեմ ուզում հագենաս ինձնից ու ինձնով, իսկ դրա նշաններն արդեն կան։ Կամ եթե ինքս ինձ չխաբեմ՝ եղել են մեր համատեղ կյանքի արդեն առաջին տարվանից։ Չեմ տեսել գուցե, գուցե չտեսնելու եմ տվել… Գնամ՝ գուցե ժամանակին չպատրաստված ճաշը կամ չարդուկված տաբատը կարոտել էլ տան ինձ… Կամ եթե ինքս ինձ չխաբեմ՝ իմ՝ քեզ հարմար ներկայությանը։
Մյուս կողմից էլ կերազեի՝ սովորություններիդ չափ զգայիր իմ կարիքը, իսկ ես աշխարհին չնայեի աչքերիս քեզ դրած»։
Տարբերակ 2
«Չուզեցի ներս գաս, մի թղթադրամ շպրտես սեղանիկին ու ձանձրացած դեմքով սպասես, որ գնամ։ Գիշերը ես զգացի՝ ոչ դու, ոչ էլ մարմինդ ինձ այդպես էլ չհիշեցիք։ Ու եթե միասին քո համարը բարձրացել ենք կիսախմած՝ մոտակա բարից, դա դեռ չի նշանակում, որ ես մի գիշերվա կին եմ, գոնե՝ քեզ համար»։
Տարբերակ 3
«Իջնում եմ մարզասրահ»։
Ա. Կ.