ԳլխավորԼուրԿրթաթոշակՈւսումնառություն արտերկրում

Մրցույթ` Վրաստանի բուհերում մագիստրոսական կրթություն ստանալու համար

Թբիլիսիի պետական համալսարան, Վրաստան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ):

Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող անգլերենին կամ ռուսերենին վարժ տիրապետող ՀՀ քաղաքացիները (հակառակ դեպքում, ըստ անհրաժեշտության, նրանք պետք է հանձնեն բարձրագույն ուսումնական հաստատության կողմից կազմակերպված ներբուհական քննությունները):
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

• դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են),

• վրացական կողմից ներկայացված հարցաթերթիկ,

• ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի) պատճենները` անգլերեն թարգմանված և նոտարական հաստատմամբ,

• բակալավրի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերեն թարգմանված և նոտարական հաստատմամբ,

• անձնագրի պատճենը,

• ինքնակենսագրություն (CV) (անգլերեն),

• բժշկական տեղեկանք (անգլերեն),

• 3×4 չափի 4 գունավոր լուսանկար,

• արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ պատճենի հետ միասին (1+1):

Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:

Փաստաթղթերը ընդունվում են 2023 թվականի մարտի 20-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00-ն, ընդմիջում՝ ժամը 13:00-14:00-ն:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 և 313 սենյակներ, հեռ.՝ (+374 10) 599-644, (+374 10) 599-646)։

Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Վրաստանի բյուջեի միջոցների հաշվին։ Ուսման տարեկան վարձավճարը չպետք է գերազանցի 2250 վրացական լարին: Ամսական կրթաթոշակը կազմում է 300 վրացական լարի: Վրացական կողմի բարձրագույն ուսումնական հաստատության նպատակահարմարության պարագայում մրցույթի հաղթողների համար Վրաստանում կարող է կազմակերպվել գիտելիքների ստուգում:

Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում: