ԳլխավորԼուր

Մանկավարժական համալսարանի տեղում կարող ենք կանաչեղենի մեծ շուկա բացել՝ մեծ ու բազմազան տեսականիով. «Փաստ»

Երբեմն տպավորություն է, թե ցանկություն կա վերջնականապես քանդել ամենը, ինչ կա Հայաստանում ու Արցախում՝ մինչև վերջ քանդել, լուծարել, միավորել, գրում է «Փաստ» օրաթերթը։ Այսպես որ գնաց, մի օր էլ պետությունը կլուծարվի կամ էլ կդառնա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, պետությունն ի՞նչ ենք անում։ Կսփռվենք աշխարհով մեկ, գիր ու գրականության կենտրոններ կբացենք, կփառաբանենք մեզ ու մեր մշակույթը, այն ամենը, ինչ նաև մեր ձեռքով քանդեցինք: Սա էլ մի ուրիշ ցավ է, բայց դրա մասին՝ մի ուրիշ անգամ:

Հիմա մտածում եմ՝ ինչպես կարող ենք «օգտագործել» համալսարանների շենքերը: Ինչների՞ս է պետք Երևանի պետական համալսարանի շենքը։ Կարող ենք այն «քյալլա» ուտելու օբյեկտի վերածել։ Դե, գիտեք, քյալլան Գյումրիի մենաշնորհն է, մի մասնաճյուղ էլ Երևանում կբացենք՝ ԵՊՀ-ի շենքում։ Մի սիրուն անուն կդնենք հաստատության վրա, տուրիստներ է, որ կընդունենք։ Ի՞նչ 319 տոկոս աճ, 5000-ը կտանք ու կանցնենք։

Մանկավարժական համալսարանի տեղում կարող ենք կանաչեղենի մեծ շուկա բացել՝ մեծ ու բազմազան տեսականիով, թե չէ, ի՞նչ ենք անում Մանկավարժական համալսարանը։

Թատերական համալսարանը կարելի է առհասարակ լուծարել, մենք այնքան ինքնուս «դերասան» ու «ռեժիսոր» ունենք, ինչների՞ս է պետք չորս կամ վեց տարի սովորելը. անիմաստ զբաղմունք։ Դե, մնացած շենքերի մասով էլ թողնում ենք ընթերցողների երևակայությանը, մերն այսքանով սպառվում է:

Իրականում, այսպես են քայքայվում բոլոր պետությունները ու աշխարհի երեսից իսպառ կորչում ազգերը, երբ դիպչում են նրանց մշակույթին ու կրթական համակարգին։ Երբ որոշում ես հագուստդ ինքդ ձևափոխել և վստահ չես արդյունքի վրա, վերցնում ես այն և տանում մասնագետի մոտ։ Նա իր սուր դանակով հմտորեն կտրում է ավելորդ կամ պատռված մասը, գեղեցիկ կարում, ինչ-որ նոր աքսեսուար ավելացնում, որ չփչացնի հագուստի ընդհանուր տեսքը։ Արդյունքում հին հագուստը նոր տեսք է ստանում, գեղեցկանում։ Գուցե համեմատությունը տեղին կամ ընդունելի չլինի, բայց մեր կրթական համակարգը հին հագուստի պես ուզում են փչացնել՝ շենքերը, կրթական ծրագրերը, առարկաները։ Չեն ուզում նորոգել պատռված հատվածը, նախընտրում են կտրել ու դեն նետել այն, ավելացնում են նորը՝ սովորաբար մի բան, որը բոլորովին համահունչ չէ մեզ, մեր ազգային գաղափարախոսությանը, եթե, իհարկե, այն դեռ ունենք։

ԼՈւՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Comment here