ԳլխավորԼուրԿրթություն

Բուհ ընդունվելու հայտագրման ժամկետը կերկարաձգվի

Հայաստանյան բուհեր ընդունվելու հայտագրումների ընդունման ժամկետը կերկարաձգվի՝ պայմանավորված արտակարգ դրությամբ: Այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ԱԺ-ում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի նկատառմանը, որ ավարտական դասարաններում սովորող աշակերտների մեծ մասը չի հասցրել լրացնել բուհ ընդունվելու հայտը:

Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ այսօր վարչապետի մոտ այդ հարցով եղել է քննարկում: Մի շարք որոշումներ կայացվել են, սակայն նախարարը դրանք չհանրայնացրեց, քանի որ մի շարք համակարգեր դեռ մշակվում են։

«Սակայն բոլոր գործողությունները կկատարվեն՝ ի շահ աշակերտի: Մասնավորապես, բարձրացված հարցի հետ կապված ունենք լուծում: Մենք ժամկետը երկարեցնելու ենք և հնարավորություն ենք տալու, որ հայտագրումները ճշգրտվեն և բոլոր նրանք, ովքեր հնարավորություն չեն ունեցել հայտագրվելու կամ կորոնավիրուսով պայմանավորված փոխել են այս կամ այն բուհ ընդունվելու իրենց մտադրությունը, փոփոխություն իրականացնեն: Այսինքն, մենք հնարավորություն ենք տալու, որպեսզի աշակերտները,ինչպես նաև նրանք, ովքեր վաղուց են դպրոցն ավարտել և ցանկություն ունեն բուհ ընդունվելու, հայտագրվեն և մասնակցեն գործընթացին»,-ասաց նախարարը:

Comment here