ԳլխավորԼուր

«Տարվա լավագույնները» 2023 թ. մրցույթին մասնակցելու հրավեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Տարվա լավագույնները» մրցույթի հայտերի ընդունելություն:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝

  • ուսուցիչները և դաստիարակները,
  • տնօրենները,
  • ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։

Մրցույթը կազմակերպվում է հետևյալ առանձին անվանակարգերով.

1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն,

2) հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն,

3) հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր,

4) նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն,

5) նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն,

6) նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր։

Մրցույթի մասնակիցը պետք է ունենա տվյալ ուղղությամբ առնվազն 2 տարվա գործունեության փորձ:

Մրցույթին կարող է ներկայացվել ինչպես անհատական ծրագիր առանձին մասնակցի կողմից, այնպես էլ համատեղ ծրագիր մասնակիցների խմբի կողմից՝ բաղկացած առավելագույնը 3 անդամներից: Խմբային հայտի դեպքում կարող են ներառված լինել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։

Մրցույթն անցկացվում է հետևյալ երեք փուլերով՝

  • ծրագրային առաջարկների ընդունում,
  • ծրագրային առաջարկների գնահատում և մրցույթի արդյունքների ամփոփում,
  • մրցույթի արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկների պարգևատրում։

Ծրագրային առաջարկների ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի օգոստոսի 28-ն է (ժամը 18։00-ն): Ժամկետից ուշ ներկայացված ծրագրային առաջարկները չեն դիտարկվի։ Ոչ ամբողջական ծրագրային առաջարկների պարագայում, հանձնաժողովի որոշմամբ, տրվում է 3 աշխատանքային օր (միայն մեկ անգամ)՝ բացակայող փաստաթղթերի ներկայացման համար։ Տրված ժամկետից հետո ներկայացված ոչ ամբողջական ծրագրային առաջարկները չեն դիտարկվի։

Բոլոր ծրագրային առաջարկները գնահատվում են հանձնաժողովի կողմից առավելագույնը տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում։

Ծրագրային առաջարկը գնահատվում է հարյուր միավորային համակարգով՝ ըստ վերոնշյալ չափանիշների (համապատասխանությունը՝ առավելագույնը 10 միավոր, հիմնավորվածությունը՝ 30 միավոր, իրատեսականությունը՝ 30 միավոր և շարունակականությունը՝ 30 միավոր)։

Մրցույթի արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկները կհրապարակվեն նախարարության պաշտոնական կայքում՝ արդյունքներն ամփոփելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

«Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում նախատեսվում է դրամական պարգևի տեսքով խրախուսել շուրջ 22 ծրագիր. անհատական ծրագրերի դեպքում՝ առավելագույնը հինգ հարյուր հազար ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և տուրքերը), խմբային ծրագրերի դեպքում՝ առավելագույնը մեկ միլիոն ՀՀ դրամ (պարգևատրման չափը կարող է փոփոխվել՝ ներկայացված ծրագրերի և դրանց գնահատման արդյունքներից կախված)։ Մասնակցի (կամ խմբի) կողմից ներկայացվող ծրագրային առաջարկը կարող է ներկայացվել միայն մեկ անվանակարգում։

Ծրագրային առաջարկները պետք է ուղարկել secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին՝ կցելով նաև ուղեկցող գրությունն՝ ուղղված նախարարին։ Հարցերի դեպքում՝ զանգահարել 010-599620 հեռախոսահամարով: