ԳլխավորԼուրԿրթություն

Դասագրքերի որակը զոհաբերվեց․ ԿԳՄՍՆ-ի շտապողականության պատճառով մի շարք հեղինակներ չհասցրին մասնակցել մրցույթին․ փորձագետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել են դպրոց

Մի շարք հեղինակներ պարզապես չհասցրին մասնակցել դասագրքերի մրցույթին զուտ ԿԳՄՍ նախարարության շտապողականության պատճառով, և հնարավոր է՝ դրանց թվում լինեին շատ լավ դասագրքեր, որոնք մենք կորցրեցինք․ նման տեսակետ է հայտնում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով նոր չափորոշչով պայմանավորված՝ Հայաստանի հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում նոր դասագրքերի ներդմանն ու դրանց՝ դպրոցներ հասնելու գործընթացի հետաձգմանը։

Փորձագետի խոսքով՝ միայն այն բանի համար, որ նախարարությունը պահեր խոստումը, ունեցանք ոչ միայն քաոտիկ իրավիճակ՝ ժամկետների հետաձգման առումով, այլև զոհաբերվեց դասագրքերի  որակը․

«Կար խոստում, որն ամրագրված էր կառավարության ծրագրում և զարգացման պետական ծրագրի գործողությունների ծրագրում, որտեղ նշված է, որ 2023-ի սեպտեմբերի 1-ից 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում չափորոշիչը մտնելու է կիրառության մեջ։ Իհարկե, 10-րդ դասարանի հետ կապված ծրագրերը ստիպված եղան հետաձգել, որովհետև այդ դասարանի պարագայում ընդհանրապես դասագրքերի կեսը պատրաստ չէր, բայց ուզեցին 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների մասով իրենց խոստումը պահել»։

Սերոբ Խաչատրյանը մատնանշում է դասագրքերի ուշացմանն ուղեկցող մեկ այլ խնդիր ևս՝ կապված ուսուցիչների վերապատրաստման հետ․

«Ուսուցիչներն անցել են վերապատրաստումներ հանրակրթության պետական չափորոշչի մասով, բայց բուն դասագրքերի, առարկաների մասով՝ ոչ։ Ճիշտ կլիներ այս ամենն իրականացնել օգոստոսին։ Դասագրքերը գրված են տարբեր ոճով, ամեն հրատարակչություն իր ոճն ունի, իր մոտեցումը։ Ուսուցիչը, որն, ի դեպ, ինքն է ընտրում՝ որ դասագրքով անցկացնի դասը, պետք է անպայման որոշակի վերապատրաստում անցած լինի, այլապես նրանք մեխանիկորեն կանեն այն, ինչ արել են նախկինում»։

Փորձագետն անդրադառում է նաև հրատարակիչների կողմից դասագրքերի վաճառքի թեմային՝ շեշտելով, որ այսօր հրատարակիչները հայտնվել են բավական ոչ շահեկան վիճակում, և նորմալ է, որ դասագրքերը հանել են վաճառքի․

«Հրատարակչին ԿԳՄՍ նախարարությունը դասագրքերը կազմելու համար 6 միլիոն դրամ է տալիս, այն դեպքում, երբ հրատարակչությունն, ի վերջո, 20 միլիոն դրամ է ծախսում, ստացվում է՝ գործընթացից վնասով է դուրս գալիս։ Բացի այդ՝ ի տարբերություն նախորդ տարիների՝ հիմա մի մրցույթ անցկացվում է դասագրքերի կազմման համար, մի մրցույթ էլ՝ տպագրման։ Ու նորմալ է, որ այս ֆոնին հրատարակչությունները գիրք են վաճառում, և դա, ի դեպ, օրինական է»։

Usanogh.am-ն ավելի վաղ  հայտնել է այն մասին, որ նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ Հայաստանի հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում սեպտեմբերի 1-ից պետք է փոխվեին դասագրքերը և տրամադրվեին նոր ստեղծված դասագրքերը: Այդ գործընթացը, սակայն, հետաձգվեց:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ