ԳլխավորԼուր

«Հայոց պատմություն 7» դասագրքում հայերի «եկվորության տեսություն» առաջ չի քաշվում. պարզաբանում

Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրք, Հայկական լեռնաշխարհ

Վերջին օրերին անտեղի շահարկվում են «Հայոց պատմություն 7» դասագրքի մի քանի թեմաներ, ինչը թյուրըմբռնման կամ միտումնավոր տարընթերցման, գուցե նաև խեղաթյուրման արդյունք է, հայտնում են «Մասնակցային դպրոց»-ից։

«Այդ իսկ պատճառով ներկայացնում ենք առավել հաճախ քննարկվող հարցերի պարզաբանումը։

1․ ՀԱՅԵՐԻ «ԵԿՎՈՐՈՒԹՅԱՆ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ
Հարց 1․ Ֆեյսբուքյան օգտատերերից ոմանք պնդում են, որ նոր դասագրքում առաջ է քաշվում հայերի «եկվորության տեսությունը»։

Պատասխան 1․ Ասվածը չի համապատասխանում իրականությանը նույնիսկ «հեռավոր ու անուղղակի կերպով»։ Դասագրքում չկա հայերի եկվորությանը վերաբերող ոչ մի պնդում, բայց կան մարդու և ժողովուրդների ծագման վերաբերյալ տարբեր տեսությունների հիշատակումներ։ Խնդրին հիմնավոր մեկնաբանություն տալու համար նպատակահարմար է նախ ներկայացնել համատեքստը, քանի որ համատեքստից դուրս ցանկացած մեջբերում ենթակա է կամայական, անգամ միտումնավոր մեկնաբանության, ինչպես անում են այս քննադատության հեղինակները։

Դասագրքի հեղինակն ուղղակի պարտավոր է բերել այդ տեսությունները և դարձնել քննարկման թեմա։ Ավելին՝ անազնիվ է աշակերտներին ներկայացնել միայն մեկ վարկած և ասել, որ հենց այսպես է, և դրանից բացի այլ մոտեցում չկա։ Բանն այն է, որ միայն մեկ տեսության ամրագրմամբ աշակերտներին սահմանափակում ես կոնկրետ որոշակի տեսանկյունից դիտված աշխարհում՝ չտալով նրան գիտելիք և պատկերացում ժամանակակից աշխարհում շրջանառվող մոտեցումների մասին։ Ավելին՝ միակողմանիության արդյունքում աշակերտները զրկվում են նաև շրջանառվող տեսություններին հակադրվելու հնարավորություններց, ինչպես այսօր, այդպես էլ ապագայում։ Իսկ նման հակադիր տեսությունների քննարկումները կարող են աշակերտների մեջ հետաքրքրություն առաջացնել մի շարք գիտաճյուղերի նկատմամբ ևս և նրանցից ոմանք գուցե կցանկանան դառնալ գենետիկներ, հնագետներ, լեզվաբաններ, պատմաբաններ և այլն, ավելի հիմնավոր դիրքերից բանավիճելու այդ տեսությունների հետ։

Այսպիսով՝ աշակերտը պետք է իմանա այլ վարկածների և տեսությունների մասին, որպեսզի կարողանա կողմնորոշվել, ինչպես նաև պարզապես իմանալու համար, թե ինչ վարկածներ են շրջանառվում այսօր աշխարհում։ Ավելին՝ պատմության ուսուցման հիմնական նպատակներից և նոր դասագրքի ուղղություններից է այն, որ պատմության դասավանդմամբ ձևավորվի քննադատական մտածողություն։ Իսկ դա հնարավոր է կարողունակահենք մոտեցմամբ (գիտելիք+հմտություններ+դիրքորոշում)՝ հատկապես միմյանց հակադիր տեսությունների քննարկմամբ։

Այսպես՝ նոր դասագրքում գրված է․ «Հայերի ծագման վաղնջական պատմության հարցն ամենաշատ քննարկված հարցերից է․ ժողովրդի ձևավորման վերաբերյալ կան մի քանի առասպելներ և տեսություններ»։ Վերոհիշյալ պարզ ձևակերպումից երևում է, որ խոսքն ինչպես առասպելների, այդպես և գիտական տեսությունների մասին է, ինչը ցույց է տալիս նաև դրանց փոխկապվածությունը։ Ուստի հաջորդիվ դասագրքում շարադրվում է այդպիսի երկու վարկած՝ «բալկանյան» և «տեղական», որոնցից մեկը հունական առասպելների կամ վկայությունների հիման վրա է կազմավորվել, մյուսը՝ տեղական, հատկապես Մովսես Խորենացու վկայածի հիման վրա։ Եվ, խնդրում եմ ուշադրություն դրաձնել, որ անմիջապես այդ երկու մոտեցումները նշելուց հետո հեղինակը գրում է․

«Այն, որ հայ ժողովրդի ձևավորումը տեղի է ուեցել տևական փոխազդեցությունների արդյունքում և Հայկական լեռնաշխարհի տարածքում, հաստատվում է նաև ժամանակակից գենետիկական հետազոտությունների արդյունքում» (էջ 28)։ Հայ ժողովրդի՝ Հայկական լեռնաշխարհում տեղաբնիկությունը հաստատող միակ վկայությունը չէ սա։

Իսկ նախահայրենիքի թեմայի վերաբերյալ հաջորդ՝ 29-րդ էջում կա նաև այսպիսի ձևակերպում․ «Այսպիսով՝ թեպետ դեռ վիճարկվում է Հնդեվրոպական նախահայրենիքի տեղադրության հարցը, բայց Հայկական լեռնաշխարհն այն տարածքն է, որտեղ տեղի է ունեցել հայ ժողովրդի կազմավորումը» (էջ 29)։ Իսկ էջ 28-ի նյութից առաջ 24-27-րդ էջերում «Ձայներ գիտությունից» բաժնում բերված են երկու մրցակցող տեսություններ՝ «օազիսի» և «լեռնալանջերի» տեսությունները, որոնց վերաբերյալ նյութի վերջում կան առաջադրանքներ, որոնց հիման վրա կրկին առաջին պլան է գալիս հայերի՝ Հայկական լեռնաշխարհում տեղաբնիկ լինելու հիմնավորումը, քանի որ «լեռնալանջերի տեսության» հավաստիությունը վերջին շրջանում հիմնավորվել է (աշակերտները դրանում նաև կհամոզվեն, երբ կկատարեն «Աշխատանք սկզբնաղբյուրների հետ» բաժնի 3-րդ առաջադրանքը (էջ 26)։ Ավելին՝ նույն այդ նյութի վերջնամասում հստակ գրված է․«Հնագիտական և գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ ժամանակակից հայերն անմիջական հետնորդներն են Հայկական լեռնաշխարհի նորքարիդարյան բնակչության» (էջ 26)։

Այսպիսով՝ նոր դասագիրքը ոչ միայն չի վիճարկում հայերի տեղաբնիկությունը, այլև հայերի տեղաբնիկության մասին տեղեկությունը զետեղում է այսօր աշխարհում շրջանառվող տեսությունների համապատկերում՝ այսպիսով ավելի հիմնավոր դարձնելով այն։

Տես նաև՝ «ԱՖՐԻԿՅԱՆ ԳԱՂԹԻ» ՇԱՀԱՐԿՄԱՆ ԽՆԴԻՐԸ, ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՇԱՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ