ԳլխավորԼուր

«Մեկին կրթաթոշակ տալ մյուսի հաշվին` անընդունելի է, ծուղակ է». նոր որոշման հետքերով

ԵՊՀ

Մի ուսանողին բարձր կրթաթոշակ տալ` մյուսի հաշվին, ընդունելի չէ. Usanogh.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը` անդրադառնալով  բակալավրի և մագիստրատուրայի՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) սովորող առաջին կուրսի ուսանողներին պետական կրթաթոշակ չտրամադրելու ՀՀ կառավարության 24 օգոստոսի 2023 թվականի N 1430 –Ն որոշմանը:

Փոխարենը կառավարությունը որոշել է 70․000-77․000 ՀՀ դրամ կրթաթոշակ տրամադրել պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով (կրթական ծրագրերով) սովորող շուրջ 227 ուսանողների։

«Իհարկե, այդ կրթաթոշակները, որոնք էլ չեն ստանալու ուսանողները, ի սկզբանե բավական ցածր էին, և, թերևս, ուսանողների համար սոցիալական որևէ հարց չեն լուծել, միգուցե, դրանով է պայմանավորված եղել կառավարության որոշումը: Բայց մեկին բարձր տալ մյուսի հաշվին՝ ընդունելի չէ: Մենք ամենաքիչ թվով անվճար տեղեր ունեցող բուհերից ենք, օրինակ` բակալավրիատի առաջին կուրսեցիների շրջանում 76 ուսանողի վրա է տարածվում որոշումը, բայց ինքներս մեր բուհի միջոցներով կփորձենք ուսանողի առաջադիմության ցուցանիշներից ելնելով` որոշակիորեն խրախուսել նրանց և լրացնել բացը»:

ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը Usanogh.am-ի հետ զրույցում շեշտեց. «Այս տարի պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկում են ԲՏՃՄ ոլորտի  մասնագիտական  մանկավարժության մասնագիտությունները: Մյուսները ուղղակի կրթաթոշակ չեն ստանա: Բայց այդ մասնագիտությունների ցանկն ամեն տարի վերանայվելու է, կարող է հաջորդ տարի ստանան այլ մասնագիտություններով սովորողներ: Դա արդեն կառավարությունը պետք է որոշի»:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն էլ մեզ հետ զրույցում պնդեց` կառավարության որոշումը  ծուղակ է կրթական համակարգի համար: Նրա համոզմամբ` կրթաթոշակը ոչ միայն գումար է, այլ նաև` պետության վերաբերմունքն իր ուսանողին, և եթե պետք է վերանայել կրթաթոշակների քաղաքականության հարցը, ապա կարելի է դիտարկել եվրոպական փորձը.

«Եվրոպական առաջատար բուհերում պետությունը շատ կոնկրետ մարդկանց է տալիս կրթաթոշակ` յուրաքանչյուրին ըստ իր ունակությունների ու կարիքների: Մարդիկ դիմում են  համալսարան, հետո դիմում են կրթաթոշակի համար, պետությունն էլ որոշում է` եթե իր համար առաջնահերթ մասնագիտություն է ընտրել, սոցիալապես անապահով ընտանիքից է, առաջադիմությունը բարձր է, այդ տարվա համար տալիս է որոշակի կրթաթոշակ, մյուս տարվա համար տվյալ ուսանողը նորից է դիմում: Չկա համահարթեցված մոտեցում` բոլորին 5000 դրամ տալ և ձեռքերը լվանալ, իսկ այս դեպքում դա էլ հանել և ամեն բան ավարտել: Պետք է կրթաթոշակների քաղաքականությունը վերանայել հիմնավորապես, ոչ թե ուսանողների մեծ խմբի հաշվին կրթաթոշակ տալ փոքր խմբին և դրանով ավարտել գործը»:

Usanogh.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԵՊՀ ուսանողական խորհուրդն իր մտահոգությունն է արտահայտել նշյալ որոշման առնչությամբ` շեշտելով, որ բազմաթիվ ուսանողներ զրկվում են առանց այդ էլ սակավ քանակությամբ կրթաթոշակից:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ