ԳլխավորԼուր

Ակադեմիական քաղաքը շղարշ է բուհերի միավորումն իրականացնելու համար. փորձագետ

Ատոմ Մխիթարյան

Usanogh.am-ն արդեն հայտնել է, որ տեխնոլոգիական, կրթական, արվեստների ու սպայական ուղղություններով բուհերը կտեղափոխվեն Ակադեմիական քաղաք։

Իսկ ինչո՞ւ են հենց այս ուղղության բուհերն ընտրվել տեղափոխվելու համար։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը Usanogh.am-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում, որ այդ ուղղվածության բուհերը պատահական չեն ընտրվել.

«Նախարարությունում պարբերաբար քննարկվում է հենց այս ուղղվածության մի շարք բուհերի միավորման հարցը. օրինակ՝ տեխնոլոգիական բուհերից խոսվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանին միավորելու մասին, կրթական բուհերից՝ արդեն իսկ մեծ աղմուկ բարձրացած՝ Բրյուսովի պետական համալսարանը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանին և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին միավորելու շուրջ, ինչ վերաբերում է, օրինակ, արվեստի ուղղության բուհերին, խոսվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Գեղարվեստի ակադեմիան և Երևանի պետական կոնսերվատորիան միավորելու մասին։ Այնպես որ՝ Ակադեմիական քաղաքը շղարշ է՝ բուհերի միավորումն իրականացնելու համար»։

Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ Ակադեմիական քաղաքում մենք ունենալու ենք բուհերի շենքեր, բայց ոչ ուսանողներ, որոնք կցանկանան այնտեղ սովորել.

«Դա, իմ պատկերացմամբ, լինելու է քաղաք-ուրվական։ Մենք այսօր կանգնած ենք պետականության կորստի լուրջ վտանգի առաջ, և դրան զուգահեռ իրականությունում տարօրինակ է, որ այս հարցերն են օրակարգում։ Եվ, բացի այդ, ավելի վաղ էլ նշել եմ, որ քաղաքի կենտրոնում գտնվող բուհերի շենքերը բավական գրավիչ են, և մեծ է հավանականությունը, որ դրանք կօգտագործվեն բիզնես նպատակներով»։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ