Արցախից բռնի տեղահանված երեխաների մեծ հոսքով պայմանավորված`Հայաստանում հատկապես նախադպրոցական տարիքի երեխաներին մանկապարտեզներում տեղավորելու խնդիր կա: Usanogh.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:
Նշենք, որ Հայաստանում Արցախից բռնի տեղահանված շուրջ 30 000 անչափահաս կա, և նրանցից շուրջ 8000-ը նախադպրոցական տարիքի են:
Փորձագետի խոսքով` թեկուզ երևանյան պետական մանկապարտեզների ամեն խմբում մեկ արցախցի երեխա ներառելով հազիվ թե համակարգը մեծ դժվարության առջև կանգնի.
«Արցախցի երեխաների մուտքը մանկապարտեզներ պետք է կազմակերպվի արտահերթ կարգով: Եթե պետական մանկապարտեզներում, որոնք միայն Երևանում են անվճար, տեղ չկա, պետությունը պետք է հոգա, որպեսզի երեխաներին տեղավորի մասնավոր մանկապարտեզներում և վճարի նրանց վարձը»:
Ի դեպ, Երևանում մանկապարտեզ հաճախող երեխաների համար կրթությունն անվճար է, մինչդեռ Հայաստանի մյուս գրեթե բոլոր համայնքներում գործում է ծնողական համավճար, որին գումարվում են համայնքների կողմից հատկացվող միջոցները, ու ձևավորում է մանկապարտեզների բյուջեն։
Ատոմ Մխիթարյանը շեշտեց` 2500 բռնի տեղահանված արցախցի արդեն իսկ լքել է Հայաստանը, և դրա պատճառներից մեկն էլ կրթության ոլորտի հրատապ խնդիրների առջև կանգնելն է:
Հարցին, թե որքանով է օրակարգային Հայաստանում նոր մանկապարտեզների կառուցումը, փորձագետը պատասխանեց.
«Այս տարվա բյուջեով նման ծրագիր կա, բայց այս դեպքում էլ ուրիշ խնդիրներ են առաջանում: Երբ նոր մանկապարտեզը սարքում-հանձնում են համայնքին, վերջինս հաճախ չի կարողանում պահել այն, քանի որ պահպանման ծախսեր պարզապես չունի, մինչդեռ հարկավոր է վճարել կոմունալ ծախսերը, վարձատրել աշխատակիցներին: Կան համայնքներ, որոնք չեն կարողանում դրա տակից դուրս գալ: Շատ տեղերում մանկապարտեզի նոր շենքը կա, բայց հենց ցրտում է, այն կամ դադարում է գործել, կամ գործում է օրական մի քանի ժամ: Այսինքն` բյուջեով հաճախ նախատեսված է մանկապարտեզների կառուցումը, սակայն ոչ պահպանման ծախսերը»:
Հավելենք, որ Երևանի 2023թ. բյուջեով 6 մլրդ 630 մլն դրամ նախատեսված է 24 մանկապարտեզի հիմնանորոգման, 6 մանկապարտեզի բակային տարածքների բարեկարգման ու 2022թ.-ից մեկնարկած 9 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու նպատակով:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ