ԳլխավորԽճանկար

Դաս` արկերով ընդհատված, աչքեր, որոնք տեսան կրկնակի տեղահանություն

Արցախցի Միլենա Առուստամյանը

Միլենան դպրոցում էր, երբ Ադրբեջանը սկսեց հրետակոծել Ստեփանակերտը: Անգլերենի դաս էր: Առաջին կրակոցների ժամանակ ուսուցչուհին ասաց. «Բան չկա, նստե´ք»: Բայց հետո արդեն ինքն էլ հասկացավ, որ պետք է դասարանին արագ հավաքի ու մտնեն նկուղ: Իսկ նկուղում բոլորը խուճապի մեջ էին, լալիս էին ու աղմկում.

«Երբ սկսեցին խփել, մայրս ահագին հեռու  էր ինձնից, ոչ մի բարեկամ մոտ հեռավորության վրա չկար։ Կրակոցներից կես ժամ էր անցել, ավագ քույրս եկավ դասընկերոջ հետ և ինձ տարան ուրիշ շենքի նկուղ: Այնտեղ մնացինք երկու օր։ Գիտե՞ք` արդեն սովորել էինք կրակոցներին, էլ չէի վախենում, գիտեի` եկել են Ստեփանակերտը վերցնեն»,-Usanogh.am-ին պատմեց Միլենան:

Նա երկու անգամ է տեղահանվել. մեկ անգամը 44-օրա պատերազմից հետո` հարազատ ծննդավայր Շուշիից, մեկն էլ հիմա` Ստեփանակերտից: Արդեն հարմարվել էր Ստեփանակերտի դպրոցին, դասընկերներին։ Մայրը նորից տուն-տեղ էր դրել, բայց էլի ստիպված եղան թողնել թշնամուն։ Միլենան այնտեղ` Արցախում, ավտոտնակում մնացած իր դասագրքերի, իր համար այլ  թանկ իրերի հետ մեկտեղ թողեց նաև ձեռագործ աշխատանքները։ Միայն Արցախի «Բաբո-դեդոյի» խորհրդանիշով աշխատանք ն է, որ հետը բերել է Երևան, ասում է` եթե շատ թելեր ունենա, այստեղ էլ կրկին կգործի:

Արցախցի Միլենա Առուստամյանի աշխատանքներից
Միլենա Առուստամյանի աշխատանքներից

Մի քանի օր է` Միլենա Առուստամյանն ընտանիքի հետ Երևանում է, և մայրիկին խնդրում է, որ իրեն դպրոց տանի: Ասում է` 26 համադասարանցիներից մի քանիսը տեղավորվել են Արարատում, Երևանում, մնացածից տեղեկություն չունի: Միլենան ցանկանում է թիվ 154 դպրոց ընդունվել, քանի որ այնտեղ ծանոթ աղջիկ ունի: Բայց մայրն ասում է` դեռ չգիտեն` որտեղ են մշտական բնակություն հաստատելու, այնպես որ մինչ այդ  չեն կարող դպրոց ընտրել:

Նարեկ Հայրապետյանը ևս իր որդու համար դպրոց դեռ չի ընտրել: Փոքրն էլ մանկապարտեզ պետք է գնա: Նրանք ևս շուշեցի են, 44-օրյա պատերազմից հետո ապրել են Ստեփանակերտում: Նարեկի որդին 2-րդ դասարան է: Հիմա Նոր Նորքում են ապրում: Եվ արդեն մոտ տարածքում հարմար դպրոց  ու մանկապարտեզ են փնտրում: Նարեկն ասում է` կրթությունը պակաս կարևոր չէ, քան կեցության հետ կապված ցանկացած այլ հարց: Հարցնում ենք`ինչպե՞ս կտրեցիք-անցաք ճանապարհը. «Եթե ասենք, որ դժվարությամբ եկանք, շատ մեղմ կհնչի։ Կանայք, երեխաները վախի, սարսափի մեջ էին, սպասողական վիճակում: Մեքենան մետր-մետր էր առաջ գնում: Երեխաները թերսնված էին, ու ստիպված էին այդ վիճակով երկար ճանապարհ անցնել։ Ջրի խնդիր կար, դեղորայքի։ Ճանապարհին շատերը չէին դիմանում, առողջ մարդկանց ճնշումն էլ բարձրանում էր։ Դա աղետ էր։ Շատերը վառելիք չունեին, որ գային: Դիզվառելիքի խնդիրը կյանքի-մահու հարց էր լուծում»:

Նարեկը շեշտում է` արցախցին այսօր ամենաշատը կարիք ունի այն բանի, որ զգա` մենակ չի, ու ինքը նույն հայն է, հիմա էլ իր հայրենիքում է. «Շատ եմ ցավում, բայց 1915-ը կրկնվեց։ Մի քանի նյուանսներ են ուրիշ, մնացած ամեն բան նույնն է: Ես ճանապարհին տեսա հազարավոր մարդկանց, որոնք ոչ ոքի չունեին: Ծերեր, երեխաներ, երիտասարդ ընտանիքներ մեքենաներից իջնում էին ու չգիտեին` ուր գնալ»:

Ամեն դեպքում՝ Նարեկը հորդորում է ոչ մի դեպքում չհուսահատվել, լինել միաբան այս ծանր ժամանակներում և փորձել ամեն գնով օգնել իրար:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Արցախցի Միլենա Առուստամյանի աշխատանքներից
Միլենա Առուստամյանի աշխատանքներից

Արցախցի Միլենա Առուստամյանի աշխատանքներից

Արցախցի Միլենա Առուստամյանի աշխատանքներից
Միլենա Առուստամյանի աշխատանքներից