ԳլխավորԼուր

ԱՄՆ-ը անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով

ԱՄՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով ու կոչ է անում թուլացնել լարվածությունը։ Այս մասին նշված է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի լրատվական ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ օգոստոսի 3-ին տարածած հաղորդագրության մեջ։

«ԱՄՆ-ը խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում բախումների մասին լուրերից և ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շրջանում ինտենսիվ մարտերի, ինչպես նաև վիրավորների ու զոհերի մասին տեղեկատվությանը։ Մենք կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և էսկալացիան կանխելու ուղղությամբ»,-նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր (ավելի վաղ նշվում էր 14 վիրավորի մասին -խմբ.)։