ԳլխավորԼուր

«Վերջին զանգին» գնում էինք «Տատիկ-պապիկի» արձանի մոտ և Շուշի․ Տոմա Պետրոսյան

Տոմա (Թամարա) Պետրոսյան

Այսօր Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում անցկացվում է «Վերջին դաս» ՝ 9-րդ ու 12-րդ դասարանն ավարտող աշակերտների համար, եթե դպրոցը հնգօրյա աշխատանքային ռեժիմով է աշխատում. վեցօրյայի ավարտական զանգը կհնչի մայիսի 27-ին։

Usanogh.am-ը զրուցել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի՝ Տոմայի հետ։ Նա դպրոցն ավարտել է 2003-ին։ Ստեփանակերտցի աղջնակն էլ, բոլորի նման, սրտի թրթիռով է սպասել իր «Վերջին զանգին»․

«Առաջին անգամ հոնքեր էինք հանում, տղաները սափրվում էին․ այդքան կարևոր օր էր «Վերջին զանգը» (ծիծաղում է)։ Մեր դասարանում աղջիկներն էին գերակշռում։ Ես դպրոցական տարիներին էլ նույնքան ակտիվ էի, որքան հիմա։ Ե՛վ չարաճճի էի, և՛ լավ սովորող»,-ասում է դերասանուհին։

Կադր՝ Woman clubs-ից

Նրա խոսքով՝ «Վերջին զանգի» հետ կապված ամենատպավորիչ ավանդույթը այցելությունն էր հայտնի «Տատիկ-պապիկի» արձանին, Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոց և Շուշի․ «Դա կարծես չգրված օրենք լիներ։ Ի դեպ, այդ ավանդույթին հետևում էին նաև հարսանիքիների ժամանակ»։

Նա նշում է, որ դասարանցիներով ակտիվորեն պահում են կապը, ավելին՝ ընդհանուր զրուցարան ունեն սոցցանցերից մեկում․ «Երբ գնում եմ Ստեփանակերտ, անպայման հանդիպում եմ դասարանցիներիս, պարբերաբար բոլորով հավաքվում ենք»։

Տոմա Պետրոսյանը շրջանավարտներին մաղթում է ապրել խաղաղ երկնքի տակ և հնարավորություն ունենալ այցելելու Արցախ։