ԳլխավորԼուր

Արցախում վերջին զանգը կհնչի մայիսի 26-ին ու 27-ին

Վերջին զանգ՝ Արցախում

Մայիսի 26-ին (5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) և 27-ին (6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) Արցախի Հանրապետության բոլոր դպրոցներում կավարտվեն պարապմունքները, և 9-րդ ու 12-րդ դասարանցիների համար կհնչի վերջին զանգը: Տեղեկությունը հայտնում են Արցախի ԿԳՄՍ նախարարությունից։

«Վերջին զանգի արարողությունը յուրաքանչյուր դպրոցականի կյանքում ամենահիշարժան ու հուզիչ դրվագն է: Եվ չնայած այսօր մեր երկիրն ու հասարակությունն ապրում են անչափ ծանր ժամանակներ՝ ոչինչ չպետք է խանգարի մեր պատանիներին՝ վայելելու իրենց կյանքի ամենակարևոր պահերից մեկը:

Այդուհանդերձ, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է՝ Վերջին զանգին նվիրված միջոցառումներն անցկացնել օրվա խորհրդին համահունչ՝ զուսպ, մանկավարժին և սովորողին վայել, առանց ավելորդ շքեղությունների»,-նշված է գրառման մեջ։

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես վերջին դասը կանցկացվի մայիսի 26–ին` հնգօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում և մայիսի 27–ին` վեցօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում։

Հայաստանում այս տարի դպրոցը կավարտեն ավելի քան 55 հազար աշակերտներ։