ԳլխավորԼուր

Պոլիտեխնիկի քոլեջի 28-րդ ավարտական միջոցառումն էր

Եվս 239 ուսանող համալրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների մեծ ընտանիքը: Պոլիտեխնիկի քոլեջի 28-րդ ավարտական միջոցառմանը շրջանավարտներին շնորհավորելու և բարի երթ մղթելու համար ներկա էին ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, ռեկտոր Գոռ Վարդանյանը, պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

Ուսանողները՝ առաջին անգամ ավարտական հագուստներով,  դիպլոմներն անձամբ ստացան Հոգաբարձուների խորհրդի նախագահից, համալսարանի ռեկտորից:

ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը շնորհավորական խոսքում ուսանողներին կոչ արեց քոլեջն ավարտելուց հետո գործի դնել այն գիտելիքները, որ ստացել են միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում:

«Մենք Հայաստանում կարիք ունենք միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաների։ Հիմնականում բոլորը նախընտրում են համալսարանները և, լինենք անկեղծ, հաճախ այդ դիպլոմները դնում են բարձի տակ և զբաղվում այլ գործերով։ Մինչդեռ միջին մասնագիտական ուսուցումը  շատ պրակտիկ է»,- շեշտեց Տիգրան Ավինյանը:

Պոլիտեխնիկը ճանապարհում է ՀԱՊՀ քոլեջի 28-րդ շրջանավարտներին մասնագիտական մեծ կյանք։  Համալսարանի ռեկտորը վստահություն հայտնեց, որ երիտասարդները այս տարիների ընթացում, որպես միջին մասնագետի որակավումը կրող  երիտասարդ մասնագետներ  ձևավորվել են,  ստացել են համապատասխան գիտելիքներ, մանկավարժական հոգատարություն, դաստիարակությունը և ոչ ֆորմալ այն կրթական անհրաժեշտ բաղադրիչները, որոնք  պետք  է օգնեն, որպեսզի լինեն առավել հաջողակ մասնագիտական կյանքում։

«Մենք՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ, ներկա ենք գտնվել  նաև Պոլիտեխնիկի մանկապարտեզի ավարտական արարողությանը․ դա իր մեջ մեծ խորհուրդ ունի: Պոլիտեխնիկում կրթությունը սկսվում է դեռ 2 տարեկան հասակից և Պոլիտեխնիկի, բուհի Հոգաբարձուների խորհրդի, ռեկտորատի համար չափազանց կարևոր է յուրաքանչյուր կրթական աստիճանում սովորողների կրթության որակը, շրջանավարտության հանգամանքը և մասնագիտական ու մեծ կյանքում առաջ մղվելու  հաջողությունները»,- հատուկ ընդգծեց ՀԱՊՀ ռեկտորը և նշեց, որ  Պոլիտեխնիկը իր մեծ կարողությամբ, իր մեծ ենթակառուցվածքով արտահայտվում է հենց այդպես՝ մանկապարտեզից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություն և մասնաճյուղեր։

«Դուք այսօր ոտք եք դնում Պոլիտեխնիկի շրջանավարտների մեծ ընտանիք, որտեղ յուրաքանչյուրը ունի առանձնահատուկ դեր: Այդ դերը, ըստ էության, կախված է ձեզանից, թե դուք ինչքան կցանկանաք լինել Պոլիտեխնիկի հետ և նրա կողքին․  այդքան հաջողություն էլ կունենա Պոլիտեխնիկը։ Ուզում եմ ընդգծել, որ ձեր յուրաքանչյուր հաջողություն Պոլիտեխնիկի հաջողությունն է և դուք ստիպված պետք է շատ հաջողակ լինեք, քանզի դրա մի բաժինը պետք է հասնի նաև մեզ»,- հավելեց ռեկտոր Գոռ Վարդանյանը:

Իսկ քոլեջի տնօրեն Ռաֆֆի Քարամյանը, դիմելով ներկաներին, վստահեցրեց, որ հզոր ինժեներական մտքի դպրոցն ավարտելը շատերի համար երազանք է։