ԳլխավորԽոսք

Քանի դեռ կյանքը ձեզ դուր չի գալիս, այն անցնում է. Կուրտ Վոնեգուտ

Կուրտ Վոնեգուտ

Ամերիկացի գրող Կուրտ Վոնեգուտի (11.11.1922-11.04.2007) մի քիչ խառնաշփոթ ելույթը ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողների առջեւ, որը յուրօրինակ խորհուրդների շարք է շրջանավարտների համար։

Հարգելի’ շրջանավարտներ, արեւապաշտպան քսուկ քսեք։

Եթե ես կարողանայի միայն մեկ խորհուրդ տալ ապագայի համար, ապա այն կլիներ հենց արեւապաշտպան քսուկների մասին։ Դրանց օգտակարությունն ապացուցված է գիտնականների կողմից, այն դեպքում, երբ մյուս իմ խորհուրդները հուսալի այլ հիմք չունեն, քան սեփական խառնաշփոթ փորձը։

Վայելե’ք ձեր երիտասարդության ուժն ու գեղեցկությունը։ Քանի դեռ կյանքը ձեզ դուր չի գալիս, այն անցնում է։ Հավատացեք, 20 տարի հետո դուք կնայեք ձեր լուսանկարներին եւ կհիշեք այնպիսի զգացողությամբ, որը հիմա չեք կարող հասկանալ. որքան հնարավորություններ ունեիք եւ իրականում որքան հեքիաթային տեսք ունեիք… Դուք այնքան էլ ծանր չեք կշռում, որքան ձեզ թվում է։

Մի’ անհանգստացեք ապագայի համար։ Կամ լավ, անհանգստացեք, բայց իմացեք, որ այդ անհանգստությունը նույնքան արդյունավետ է, որքան ծամոն ծամելու միջոցով հանրահաշվական հավասարումը լուծելու փորձը։ Իրական տհաճությունները ձեր կյանքում այն իրադարձությունները կլինեն, որոնց մասին ձեր անհանգիստ միտքը երբեւէ չի էլ մտածել, օրինակ այնպիսի իրադարձություններ, որոնք ձեզ անակնկալի կբերեն, ասենք, երեկոյան ժամը 4-ին, ինչ-որ մի սովորական երեքշաբթի օր։

Ամեն օր ինչ-որ բան արեք այն բանից, ինչից վախենում եք։

Երգե’ք։

Խնամքով վերաբերվեք այլ մարդկանց սրտերին։

Մի’ հաշտվեք նրանց հետ, ովքեր անտարբեր են ձեր սրտի նկատմամբ։

Մի’ մոռացեք լվանալ ատամները։

Ժամանակ մի’ ծախսեք նախանձելու վրա. երբեմն դուք առջեւում եք, երբեմն՝ ետեւում, մրցավազքը երկար է, եւ ի վերջո՝ դուք մրցում եք լոկ ինքներդ ձեզ հետ։

Հիշե’ք հաճոյախոսությունները, որ ստանում եք, եւ մոռացեք վիրավորանքները, ու եթե դա ձեզ մոտ ստացվի՝ ինձ էլ ասեք, թե ինչպես։

Պահպանե’ք ձեր սիրային հին նամակները, դեն նետեք հին բանկային անդորրագրերը։

Պարբերաբար ձգվե’ք։

Ձեզ մեղավոր մի’ զգացեք, եթե չգիտեք ինչ անել ձեր կյանքի հետ։ Իմ ճանաչած ամենահետաքրքիր մարդիկ 22 տարեկանում գաղափար չունեին, թե ինչպես են ցանկանում ապրել իրենց կյանքը, իսկ ամենահետաքրքիր 40-ամյա ծանոթներիցս մի քանիսը դա չգիտեն մինչ օրս։

Կալցիում օգտագործեք։ Խնամքով վերաբերվեք ձեր ծնկներին, դրանց կարիքը դուք շատ կզգաք, երբ շարքից դուրս գան։

Հնարավոր է ամուսնանաք, հնարավոր է՝ ոչ։ Հնարավոր է երեխաներ ունենաք, հնարավոր է՝ ոչ։ Հնարավոր է դուք 40 տարեկանում բաժանվեք, հնարավոր է՝ պարեք փոքր բադիկների պարը ձեր հարսանիքի 75-ամյակին։ Ինչ էլ որ անեք, շատ մի գովեք ձեզ, բայց շատ էլ մի քննադատեք։ Ձեր ընտրությունը, ինչպես բոլորինը, կիսով չափ դիպվածից է կախված։

Վայելե’ք ձեր մարմինը, օգտագործեք այն ինչպես կարող եք եւ մի վախեցեք այն բանից, թե ինչ են մտածում այլ մարդիկ դրա մասին։ Մարմինը ամենագեղեցիկ գործիքն է, որ դուք կարող եք երբեւէ տիրապետել։

Պարե’ք, եթե նույնիսկ ձեր հյուրասենյակից բացի այլ տեղ չունեք դրա համար։

Մի’ կարդացեք ամսագրեր գեղեցիկ կյանքի մասին, դրանք միայն կփչացնեն ձեր տրամադրությունը։

Բարեհոգի եղեք ձեր եղբայրների եւ քույրերի նկատմամբ, նրանք ձեր լավագույն կապն են անցյալի հետ եւ ամենայն հավանականությամբ նրանք են, որ կլինեն ձեր կողքին ապագայում։

Հասկացե’ք, որ ընկերները գալիս ու գնում են, բայց մի քանի թանկագիններին պետք է պահել։ Բոլոր ջանքերը գործի դրեք, որ հաղթահարեք աշխարհագրական եւ կենցաղային հեռավորությունը, քանի որ որքան մեծանում եք, այնքան ձեզ պետք կգան մարդիկ, որոնց դուք ճանաչել եք, երբ երիտասարդ էիք։

Ընդունեք մի քանի անխուսափելի ճշմարտություն. գները աճելու են, քաղաքական գործիչները դավաճանելու են իրենց կանանց։ Դուք եւս պետք է ծերանաք, ու երբ ծերանաք, սկսելու եք պատկերացնել, որ երբ երիտասարդ էիք, գները տրամաբանական էին, քաղաքական գործիչները բարեպաշտ էին եւ երեխաները հարգում էին ծերերին։

Ի դեպ, հարգե’ք ձեր ծերունիներին, դուք երբեք չեք կարող իմանալ, թե նրանք երբ հավետ կհեռանան։

Հույս մի’ ունեցեք, թե ինչ-որ մեկը հոգ է տանելու ձեր մասին։ Գուցե դուք ունեք ձեր ներդրումային հիմնադրամը, գուցե դուք հարուստ ամուսին կամ կին ունեք, բայց դուք երբեք չեք իմանա, թե նրանցից յուրաքանչյուրը երբ կլքի ձեզ։

Չափից շատ փորձեր մի’ արեք ձեր մազերի հետ, քանի որ երբ դառնաք 40, դրանք 85 տարեկանի տեսք կունենան։

Մենք բոլորս երբեւիցե կհեռանանք, բայց կարեւոր է մինչեւ վերջ դիմանալ՝ ինչ-որ բանի հավատալով։ Դրա մեջ է ամենամեծ դժվարությունը, քանի որ թվում է, թե այդպիսի բան չկա, որին իսկապես արժեր հավատալ։

Ահա այսպիսի խորհուրդներ, հարգելի’ շրջանավարտներ։ Բայց զգույշ եւ համբերատար եղեք նրանց հետ, ովքեր ձեզ խորհուրդներ են տալիս. խորհուրդը կարոտաբաղձության ձեւ է, դա մի եղանակ է անցյալը աղբի կույտից հանելու, ոչ դուրեկան պահերը թարմ գույներով զարդարելու եւ վերափոխելու այն շատ ավելի թանկարժեք բանի, քանի իրականում եղել է։ Բայց որ արեւապաշտպան քսուկներն իսկապես փրկում են ձեր մաշկը այրվածքներից, ապացուցված է գիտնականների կողմից, այնպես որ՝ համարձակ քսե’ք։

Թրգմ. Usanogh.am