ԳլխավորԽոսք

Ես նախկին ռեժիսոր եմ, բայց ճշմարտության որոնումները ինձ բերեցին Աստծուն. Տեր Կյուրեղ

Տեր Կյուրեղ

Այսօր առավոտյան ավտովթարի զոհ է դարձել Տեր Կյուրեղ քահանա Տալյանը։

Ներկայացնում ենք Տեր Կյուրեղի խոհերից մի քանի հատված՝ հրապարակված imyerevan.com կայքում։

***

Իմ ավազանի անունը Գրիգոր է, բայց 1990 թվականին, երբ քահանա ձեռնադրվեցի, անվանակոչվեցի տեր Կյուրեղ: Իմ ձեռնադրվելուց հետո ես Գրիգորը չեմ, ես տեր Կյուրեղն եմ այլևս: Ընտանիքում էլ նախ և առաջ տեր Կյուրեղ եմ: Առաջինը, ում համար ամենադժվարն էր և ով հենց առաջին օրվանից ինձ տեր հայր կամ տեր Կյուրեղ սկսեց անվանել, կինս էր: Այդպես ճիշտ է, որովհետև Գրիգորն էլ չկա: Ընդհանրական եկեղեցու 12 վարդապետներից 2-ը կրել են Կյուրեղ անունը, դա ռուսերեն Կիրիլն է, և ինձ համար մեծագույն պատիվ է այդ անունը կրելը և դրան արժանի լինելը:

***

Լսելը բարդ բան է, բայց հոգևորականը պարտավոր է լսել իմանալ: Այսօր մոտ 50 րոպե մի անծանոթ երիտասարդ կնոջ էի լսում: Իմ անձնական փորձից գիտեմ, որ միայն մարդուն ուշադիր լսելով կարող ես շատ օգտակար լինել նրան, եթե նույնիսկ խորհուրդ էլ չտաս: Քահանաների շրջապատում մենք նախ և առաջ խոսում ենք հոգևոր հարցերի մասին, բայց ամեն ինչի հիմքում քաղաքական, մշակութային, հոգևորն է:

Մարդիկ ասում են՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Բայց ես քաղաքացի եմ իմ պետության համար: Այսինքն, հոգևորականը ուզած-չուզած և քաղաքական գործիչ է, և մշակութային գործիչ է: Մանավանդ, որ ես նախկին ռեժիսոր եմ, բայց ճշմարտության որոնումները ինձ բերեցին Աստծուն: Իսկ Քրիստոսն ասում է՝ ով փնտրում է, նա պիտի գտնի…Շատ քիչ բեմադրություններ եմ արել որպես ռեժիսոր, 4.5 տարի «Երևան» ստուդիայում եմ աշխատել, հետո հեռուստաթատրոնում, հետո ռադիոյում, Իգիթյանի գեղագիտական կենտրոնում… Ես անհավատ եմ մեծացել, սովետական մարդ եմ եղել: Իմ ընտանիքում Աստծո անունը չի էլ շոշափվել: 42 տարեկանում թողեցի ամեն ինչ և գնացի այս ճանապարհով և չեմ փոշմանել, որովհետև ես պետք եմ մարդկանց, նրանք էլ ինձ են պետք:

***

Իմ թուլությունն են երեխաները: Նրանք նման են այլմոլորակայինների, այնքան են տարբերվում մեզանից, իսկ մենք ջանք ու եռանդ չենք խնայում, որ նրանց փչացնենք, մեզ պես դարձնենք: Երեխաներն այնքան հեշտ են, այնքան ուրախությամբ են Աստծուն ընդունում, հավատքի հետ կապված որևէ խնդիր չունեն: Մեծերն այդպես չեն:

***

Ամեն ինչը բացատրել սեռական մղումներով՝ սա նսեմացնում է մարդուն: Մարդը անասուն չէ. թե չէ ո՞րն է մարդու իրավունքը’ այն ֆեմինիստուհիների նման կիսամերկ ման գա՞լը: Դա՞ է ազատությունը: Պսակադրության ժամանակ ես ինչպե՞ս չզգուշացնեմ երիտասարդներին շնության մեղքի մասին, որը կարող է ընտանիքներ քանդել, ինչպե՞ս չզգուշացնեմ մանկասպանության՝ աբորտի մեղքի մասին, որը կտրականապես մերժելի է Աստծո համար: Դա մարդասպանություն է առանց վերապահման: Ավելին. մարդասպանի զոհը կարող է դիմադրել, փախչել, բայց նա… Դրա համար էլ իմ կատարած պսակադրությունը 40 րոպեից երկար է տևում: Հետո էլ երիտասարդներին ասում եմ՝ ես ձեզ ծուղակը գցեցի, էլ չեք կարող ասել՝ ես չգիտեի այդ մասին: Հիմա գիտեք արդեն:

***

Գիրք կարդալը երազանք է ժամանակի իմաստով, բայց եթե ժամանակ եմ ունենում, հոգևոր թեմաներով գրքեր եմ կարդում: Հաճույքով եմ դիտում գեղարվեստական ֆիլմերը, որոնց մեջ հոգևոր լիցք կա: Վերջերս շատ էի տպավորվել Տոնինո Գուերոյի մասին պատմող վավերագրական ֆիլմից. այդ մարդը եղել է աշխարհի ամենասքանչելի վայրերում, բայց նրան փոխել է Հայաստանը: Այդ ֆիլմում Հայաստանին նվիրված բանաստեղծությունը շատ հուզիչ էր:

***

Ժամանակակից մարդը ամենից շատ սիրո կարիք ունի՝ իրական սիրո, ոչ թե այն, ինչը, որ սիրո տեղ է տրվում՝ խայտառակ, խեղաթյուրված, ցանկությունները սիրո տեղ անցկացնելը… Պողոս առաքյալն իր հիասքանչ ձևակերպման մեջ ասում է՝ սերը իրենը չի փնտրում: Սիրող սիրտն իր շահը չի փնտրում: Աստված սեր է. սա բնութագիր է, բանաձև է: Եթե մենք էլ Աստծո նմանությունն ունենք, նրա պատկերն ենք կրում, մենք էլ պիտի սիրով լցված լինենք:

Comment here