ԳլխավորԼուր

2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը ցավ են բոլորիս համար. Արմեն Սարգսյան

2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք անմեղ զոհեր, ցավ են բոլորիս համար:

Այս մասին նշված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում։

«Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից, չպետք է տանի ցնցումների և անկայունության, հակասությունները չպետք է վերածվեն անհանդուրժողականության, փոխադարձ ատելության մթնոլորտի, առավել ևս՝ առճակատման և պառակտման:

Ես կրկին բոլորին կոչ եմ անում հանդուրժողականության եւ համերաշխության:

Մենք միասնությա՛ն և համերաշխությա՛ն կարիքն ունենք:

Հատկապես այսօր համախմբվածությունը և հանդուրժողականությունը կենսական են մեր պետության ու ժողովրդի համար»,-նշված է ուղերձում:

***

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցել 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին:

***

Հիշեցնենք, որ 2008-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները բողոքի ակցիաներ սկսեցին (հանրահավաքներ, անժամկետ նստացույց Ազատության հրապարակում, երթեր եւ այլն)՝ պահանջելով ձայների վերահաշվարկ։

Բողոքի ալիքն իր բարձրակետին հասավ մարտի մեկի առավոտյան, երբ իրավապահները հայտարարեցին, որ տվյալներ են ստացել, որ Ազատության հրապարակի վրաններում զենքեր կան ու հրապարակն ազատեցին վրաններից ու ցուցարարներից։

Արդեն երեկոյան Մյասնիկյանի արձանի մոտ հանրահավաքից հետո ցուցարաները շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա։ Չհասած Մաշտոցի պողոտա՝ արդեն «Ձկան խանութի» մոտից երթը վերածվեց անկարգությունների, իսկ Մաշտոցի պողոտայում՝ մի քանի խանութների ու ավտոմեքենաների հրդեհին ու թալանին ու ավերածություններին զուգահեռ՝ բախումներ սկսվեցին իրավապահների ու երթի մասնակիցների միջեւ։

Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, սպանվեց 10 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան։

Հայաստանում 1 ամսով արտակարգ դրություն հայտարարվեց։

Comment here