ԳլխավորՄի կտոր գիրք

«Որսորդն անտառում առյուծ էր փնտրում…». Մկրտիչ Կորյուն

Մկրտիչ Կորյուն

Ներկայացնում ենք հայ բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Կորյունի (Կորյուն Գրիգորի Մկրտչյան, 19 մայիսի, 1913 – 20 դեկտեմբերի, 1984) առակներից։

 ***

Ավտոբուսի մեջ գրկելով մարդկանց,
Ասեղ գցեին՝ չէր ընկնի գետնին,
Մի ոտքի համար հազիվ տեղ գտած,
Ծերուկ ուղևորն ասաց վարորդին.
-Միթե ճար չկա, սիրելի եղբայր,
Որ մարդիկ այսպես չգրկեն իրար…
Ջահել վարորդը ժպիտը դեմքին
Սիրով պատասխան տվեց ծերուկին.
-Իսկ միթե վատ է, սիրելի եղբայր-
Որ մարդիկ գրկեն ու սիրեն իրար…

***

Գիտե՞ք թե ինչու նա մնաց պոչում,
Գործը չավարտած ուռա՜ էր գոչում։

***

Եղնիկն ու Կրիան պայման կապեցին՝
Ով որ ուշ հասնի ծովը դիմացի,
Տա ուղիղ կեսը իր ունեցածի:
Եղնիկը վստահ իր վազքի թափին,
Չբռնեց ուղիղ ճամփան ծովափի,
Վազեց դեպի աջ, վազեց դեպի ձախ,
Պուրակների մեջ կանգ առավ հաճախ,
Նորից դեպի ձախ, նորից դեպի աջ,
Սակայն ոչ առաջ՝
Դեպի նպատակ…
Իսկ Կրիան, թեև դանդաղ, բայց շիտակ
Հասնում է ծովափ, գրազը առնում,
Ու հաղթանակած տուն վերադառնում:

***

-Այ քեռի Վարագ,
Ձեռքիդ հաց, կարագ, ո՞ւր այդպես արագ…
-Ձանձրացել եմ ես ինքս իմ անձից,
Գնամ, գնացքի տակ նետեմ ինձ…
-Իսկ հաց ու կարագ ինչո՞ւ ես տանում:
Ժպտում է Վարագն ու պատասխանում.
-Կարող է գնացքն հանկարծ ուշանալ,
Կարո՞ղ եմ այդքան ես քաղցած մնալ:

***

Հայրը գտնում է մի ծեր ուսուցիչ.
-Որդուս հետ պիտի պարապես մի քիչ…
-Ինչո՞ւ չէ, սիրով, իսկ վարձը ինչպե՞ս:
Հայրն էլ թե՝ այ մարդ, փող վճարեմ քե՞զ:
Էհ, ես այդ փողը քեզ տալու տեղակ
Կտամ, կգնեմ մի լավ ավանակ…
Ուսուցիչն էլ թե՝ եվ դուք կունենաք
Մեկի փոխարեն երեք ավանակ:

***

Որսորդն անտառում
առյուծ էր փնտրում,
Փայտահատին տեսնում է ու շատ խնդրում.
-Հետքերն առյուծի ցույց տուր, բարեկամ…
-Ինչու հետքերն , առյուծին ցույց տամ,-
Ասում է մարդն ու ցույց տալիս որջը՝
Դռան բազմած առյուծ տիրոջը…
-Չէ,ինձ պետք էին հետքերը միայն…
Ջահել որսորդը տալիս պատասխան,
Անհետանում է գունատ ու անձայն:

***

Ո՞ւմ սրտից արդյոք չի ժայթքի ցասում
Երբ բոռն է մեղվին պորտաբույծ ասում։