ԳլխավորՄի կտոր գիրք

Ֆրանց Վերֆելի 130-ամյակն է

Ֆրանց Վերֆել

Այսօր հրեական ծագմամբ ավստրիացի գրող, «Մուսա լեռան 40 օրը» վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի  (10.09.1890-26.08.1945) ծննդյան օրն է։

Ներկայացնում ենք գրողի մտքերից։

***

Սեւեռուն գաղափարով տարված մարդն ընդունակ է դրանով վարակել մյուսներին, նույնիսկ՝ իրեն ենթարկել բազմամարդ հավաքը։ Հենց դրա վրա է հիմնված հռետոր-գործիչների ազդեցության ուժը, ովքեր ոչինչ չունեն, բացի բառերի փոքր պաշարից եւ սատանայական ներթափանցող ձայնից։

Ոչ նա, ոչ Էնվերը իրենց գլուխները չէին ծանրաբեռնում, քանզի այն ժամանակից, ինչ աշխարհը գոյություն ունի, բռնության իշխանությունն ու հոգեւոր բթությունը երկվորյակներ են։

Բնության ձայներից ոչ մեկն այնքան անմասն, անմարդկային ու անհոգ չի հնչում, որքան անձրեւի ձայնը։

Նշանավոր կամ նշանակալից մարդու ներկայությամբ երիտասարդներին, նրանց դեռ չկոտրված պատվախնդրությանը համակում է մի փառատենչ հուզմունք։ Իրեն ցուցադրելու գրեթե էրոտիկ ձգտումն արթնանում է նրանց սրտում այն մարդու տեսքից, ով արդեն հասել է ամեն ինչի։

Մուսա լեռում հետեւակային վաշտի ամբողջ կազմի ջախջախումը մեծ իրարանցում առաջացրեց անտիոքյան շրջանում։ Այդ իրադարձությունը խայտառակության դրոշմ թողեց թուրքական դրոշի վրա։ Ռազմատենչ որեւէ ազգի հզորությունը հենվում է իր անհաղթահարելիության նկատմամբ մոգական հավատի վրա, որը հենց այդ ազգն է իր մասին տարածում։ Պարտությունն այդպիսի ազգին կարող է ետ շպրտել տասնյակ տարիներ, այն ժամանակ, երբ այլ՝ ոչ այդքան ռազմատենչ ժողովուրդները ռազմական անհաջողություններն ավելի թեթեւ են տանում, ինչպես նաեւ դրանից հարկավոր դասեր են քաղում։

Աղքատների մոտ ժամացուցը գլխի մեջ է։ Նրանք գիտեն ժամը՝ նույնիսկ չնայելով թվատախտակին եւ չլսելով ժամացույցի զանգերը։ Աղքատները միշտ վախենում են ուշանալուց։

Վերդիի երաժշտությունը հռչակվել  է նրանով, որ այն գերում  է նույնիսկ անհույս ոչ երաժշտական մարդկանց։

Չինովնիկը հստակ գիտի, որ պրակտիկ կյանքում ինքն ավելի քիչ արժեք ունի ու ավելի քիչ բաներ կարող է անել, քան ցանկացած գիտնական, բժիշկ, ինժեներ,նույնիսկ՝ իր արհեստին տիրապետող ցանկացած դարբին ու փականագործ։ Եթե նրան զրկեն այն կախարդական ուժից, որ տալիս է իշխանությունը, պարզ կդառնա, որ նա ոչնչով ավելի չէ որակազրկված գրագրից։ Բայց որքան զգայուն է մարդու հպարտությունը, այնքան համառ ջանքեր են գործադրվում այն պաշտպանելու։ Քանի որ երբ բյուրոկրատը պարտվում է, ի դեմս նրա պարտվում է իշխանության աստվածային սկզբունքը։ Իսկ դա թույլատրել չի կարելի։

Անգույն չինովնիկի բնույթն ինքնին այնպիսին է, որ սեփական բնավորություն չունենալով՝ նա դառնում է ղեկավարության արտացոլանքը։

Ի՞նչ է պատահարը։ Ընդամենն այն, ինչ դարձնում են մեկնաբանողները։

 

Comment here