Ավելի լուրջԳլխավորԽոսքՄի կտոր գիրք

Վահան Հովհաննեսյան. «Մայրամուտ, որը պետք է կասեցնել» -2

Ներկայացնում ենք հատվածներ քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննեսյանի (16.08.1956-28.12.2014) 2013 թ.-ին հրապարակված «Մայրամուտ, որը պետք է կասեցնել» գրքից։

***

Դուք չե՞ք նկատել` ովքեր են ամենից շատ և հաճախ բողոքում և դժգոհում կյանքի և աշխարհի անարդարությունից: Նրանք, ովքեր երբեք և ոչ մի պարագայում չեն փորձել ջանքեր գործադրել փոխել մեկը կամ մյուսը: Ցավով ստիպված ենք փաստել, որ նման բազմակողմանի դժգոհների տոկոսը մեր հասարակության մեջ չափազանց բարձր է: Դրա պատճառները պահանջում են հատուկ ուսումնասիրություն, քանի որ դա բարդ, ոչ միանշանակ և բազմագործոն երևույթ է: Գելլափի սոցիոլոգների կատարած հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանում հարցվածների մեկ երրորդից ավելին համարում է իրենց տառապյալ:

Թվում է, թե դա պետք է բավական լինի, որպեսզի ընտրություններին իշխող կոալիցիայի` կրկին հարմարավետ իշխանական աթոռը զբաղեցնելու հույսերը տապալվեն: Սակայն հենց այդ ամենադժգոհ խմբում է զարմանալիորեն ցածր, հանուն սեփական երկրի, սեփական երեխաների ավելի լավ ապագայի պայքարելու պատրաստակամությունը: Հենց այդ մարդիկ են, որոնք գլխիկոր պատրաստակամությամբ ենթարկվում են իշխանամետ նախընտրական շտաբերի լկտի կատարածուներին: Այդ «հնազանդների» մտքով անգամ չի անցնում գրողի ծոցն ուղարկել կպչուն անձնագիր հավաքողներին և դառնալ ազատ` հարկադրանքից և ընտրակաշառքներից: Վաղուց է հայտնի, որ ստրուկը ոչ թե ազատություն է երազում, այլ սեփական ստրուկներ: Այդպես Ցիցերոնն է ասել և չի սխալվել: Միգուցե նրա ծանոթների մեջ հայե՞ր են եղել: Սակայն, թերևս, դա համընդհանուր կանոն է, և միայն մեզ չի վերաբերում:

Մարդկությունը, ընդհանուր առմամբ, ինչպես և առանձին վերցրած ցանկացած ազգ, բաղկացած է երեք անհավասար մասերից. նրանք, ովքեր առաջ են տանում պրոգրեսը, նրանք, ովքեր ակտիվ դիմադրում են դրան, և նրանք, ովքեր պասիվ սպասում են այդ գործընթացի արդյունքներին` «ճանապարհին գցած գերանի» կարգավիճակում:

Եվ նույնիսկ այնքան կարևոր չէ, թե նշված կատեգորիաներից որն է ավելի շատ շահում սոցիալական, քաղաքական, տնտեսական ռեֆորմներից, քանի որ այդ հարցին պատասխան տալու փորձը մեզ կտանի կասկածների արահետով` մոլորակն ապականող մեր քաղաքակրթության նպատակահարմարության (Աստվածային մտահղացման) և կենսունակության տեսակետից: Կարևորն այն է, որ պրոգրեսի համար անհրաժեշտ է, այսպես կոչված, պատվիրատու, շահագրգռված սոցիալական խումբ, որը ճիշտ, թե սխալ, բայցևայնպես գիտակցաբար տեսնում և զգում է իր շահը պրոգրեսից: Պարտադիր չէ, որ շահը լինի զուտ նյութական, չնայած դա նույնպես շատ կարևոր է, բայց հոգեկան բավարարվածություն (օրինակ` հպարտություն հայրենի երկրի, սեփական քաղաքացիական դիրքորոշման համար, ընդհանուր հաղթանակի զգացողություն) անպայման պետք է բերի:

Իհարկե, գերադասելի է, որպեսզի բարեփոխումների շարժիչ ուժը լինի հենց իշխանությունը: Հայաստանում այն, ցավոք, ի տարբերություն սոցիալիստական ճամբարի ավերակներ վրա առաջացած շատ պետությունների, կատարում է ժանգոտած արգելակի դեր, բայց շատ ավելի կարևոր է «երրորդ շերտի»` պատվիրատուի առկայությունը: Եվ հենց այստեղ է բացվում իրոք տխուր տեսարան: Մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ դեռևս չկա սոցիալական շերտ, որը շահագրգռված լինի բարեփոխումներով: Կամ հնարավոր է` արդեն չկա: Այսինքն, հայրենակիցների այն տոկոսը, որը, պայմանականորեն ասած, վերածվել է մեր հասարակության բեռի, շատ բարձր է: Պառակտումը, իներտությունը և կամազրկությունը հասել են այնպիսի վտանգավոր սահմանի, որ արդեն կասեցնում են ազգի վերարտադրվելու ձգտումը, բթացնում ինքնապաշտպանական բնազդը:

Դրա օրինակները մենք հանդիպում ենք ամեն քայլափոխի, սակայն ամենասարսափելին այն է, որ մենք հաշտվում ենք պարտության հետ, որին ինքներս ենք մեզ մատնում օրեցօր: Կա’մ զարթոնքի թարմ քամի և քայլ դեպի ապագա, կա’մ մակաբուծություն սեփական պատմության վրա. ահա սա է այն ընտրության իրական իմաստը, որի առաջ մեր երկիրը կանգնած է: Այնպես որ, հարգելի’ ընկերներ, մի’ շեղվեք դեպի անիմաստ բանավեճեր սուր մեկնաբանություններ թողնող հեղինակների հետ. թող գրեն` ինչ ուզում են: Կարևորն այն է, որ կարդում են, և ինչ էլ գրեն, հոգու խորքում գիտեն, որ մենք ճիշտ ենք: Զգում են, որ չափազանց ուշ են հասկացել, դրանից էլ նյարդայնանում են: Բայց նրանք նույնպես մեր հարազատն են, մեր հայրենակիցները, և եթե նրանք ճշմարտություն են փնտրում, մենք չենք թողնի նրանց մենակության և անորոշության

***

Սակայն կեղծ այլընտրանքների ստեղծումը պարզապես նախընտրական հնարք չէ. դա մեր երկրում (և ոչ միայն) իշխանության վերարտադրության և պահպանման տեխնոլոգիայի բաղադրիչներից մեկն է: Բնական, թե արհեստական ծագում ունեցող քաղաքական ուժերի թվացյալ բազմազանության, շատ քաղաքական քայլերի և երևույթների ոչ այնքան պարզ դրդապատճառների քաոսում մեր հասարակությունում ուրվագծվում է քաղաքական գործընկերների և հակառակորդների հարաբերությունների ունիվերսալ և պարզունակ բանաձև՝ ընկեր-թշնամի-դավաճան: Չորրորդը չկա: Եթե ընկեր չես, ուրեմն թշնամի ես: Եթե ընկեր ես, բայց համարձակվում ես դեմքին ասել ճշմարտությունը և ստրկամտորեն չես ծափահարում սխալներին՝ ուրեմն դավաճան ես: Համարյա ինչպես բոլշևիկների մոտ էր կամ Պարագվայի դիկտատոր Ստրեսսների, որը սիրում էր կրկնել՝ բարեկամների համար ամեն ինչ, թշնամիների համար՝ օրենք:

Այդ պատճառով էլ օրեցօր աճում է իշխանության «բարեկամների» հանդգնությունը, որոնց թույլ է տրված ամեն ինչ. թիկնապահներ ուղարկել արդեն ոչ միայն քաղաքական հակառակորդների, այլև անձնական թշնամիների և պարզապես դուր չեկած մարդկանց դեմ, թելադրել երիտասարդ սերնդին սեփական ճաշակ և արժեքներ, կեղծել ցանկացած ապրանք և իրացնել անորակ և առողջության համար վտանգավոր մթերք, բարձրացնել գները սեփական հայեցողությամբ, խուսափել հարկերից և բանակում ծառայելուց, քրեական և ցանկացած այլ պատասխանատվությունից:

Այդ պատճառով էլ երկրի բնակիչները վախենում են օրենքից. այն իր ամբողջ խստությամբ շուռ է գալիս նրանց դեմ, երբ նրանք փորձում են լուրջ մոտենալ Սահմանադրությանը, բնակչությունից վերածվել քաղաքացիների և պաշտպանել սեփական իրավունքները իշխանական վերնախավի հովանավորյալների անիրավություններից:

Դա վերջերս տեղի է ունենում ավելի ու ավելի հաճախ, այդ պատճառով մեր իշխանությունները որոշել են իրական ներքաղաքական գործընթացներին մոտ թողնել միայն իրենց մերձավորներին՝ կաֆկյան ամրոցից: Իսկ քանի որ այդ ամրոցից բացի գոյություն ունի նաև արտաքին աշխարհ, Հայաստանի իշխանավորները գտել են յուրահատուկ ելք. նրանք պարզապես տարանջատել են իրականությունը երկու՝ իրար հետ շատ թույլ կապված զուգահեռ իրողությունների: Մի աշխարհը բարեկամների համար է, մյուսը՝ թշնամիների, այսինքն` քաղաքացիական հասարակության համար ռեզերվացիա: Այն վիրտուալ աշխարհում, որը տեսնում ենք հեռուստատեսությամբ, իշխում է նորմալ կյանքի իմիտացիա. այնտեղ հաջող մակրոտնտեսական ցուցանիշներ են, այնտեղ աճում են աշխատավարձերը և կենսաթոշակները, ընտրությունները ավելի ու ավելի արդար և թափանցիկ են, ծաղկում են այգիներն ու տեխնոպարկերը, մեր «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունը հարգում են ամբողջ աշխարհում: Մի խոսքով՝ անկախ բոլոր թերություններից (որոնք արմատախիլ են արվում) և սխալներից (որոնք ուղղվում են), երկիրը առաջ է շարժվում: Իսկ մյուս, իրական աշխարհում… կաշառքներ են տալիս և վերցնում՝ ընտրական և սովորական: Այնտեղ ոչ թե աշխատավարձերն են աճում, այլ գները, իջնում է ոչ թե հանցագործության մակարդակը, այլ ապրանքների և կրթության որակը, այնտեղ իշխանավորների բարեկամները, թիկնապահները և սպասավորները կարող են մարդուն սպանել փողոցում և անպատիժ մնալ, ծեծելով սպանել ռեստորանի այցելուին և դատարանի առաջ չկանգնել: Այնտեղ կտրված ծառերի տեղում աճում են անճոռնի շենքեր և կրպակներ, այնտեղ գրոշներով վաճառում ենք երկրի ընդերքը՝ կորցնելով արժանապատվության մնացորդները, և հույսը դնում ենք աշխարհի ֆինանսական կենտրոնների նվիրաբերությունների վրա… Այնտեղ ապրում ենք մենք բոլորս: Եվ այնտեղից ընդմիշտ հեռանում ենք:

Սակայն եթե մի կողմ դնենք բոլոր վանող մանրամասները, ապա ամենավտանգավորը ոչ թե առաջընթացի բացակայությունն է, այլ անգամ անզեն աչքով երևացող հետընթացը՝ նույնիսկ ոչ հեռու անցյալի համեմատ: Այն ակներև է բոլոր ոլորտներում. նույնիսկ երկրի և հասարակության առջև ծառացած խնդիրները թվում են զգալիորեն մանրացած: Մի խոսքով՝ ինչպես մայրամուտից առաջ, երբ չգիտես` կծագի՞ արդյոք արևը:

Բայց չէ՞ որ կուսակցությունները և կառավարությունը իրենք չեն իրենց առաջ խնդիրներ դնում և դրանց լուծման ալգորիթմներ մշակում: Այստեղ հարց է առաջանում՝ որտե՞ղ է մեր էլիտան: Մի՞թե նրանք են հավաքված երկրի, կուսակցությունների ղեկավարությունում: Մի՞թե նրանք են քաղաքական, տնտեսական, գիտական, ինֆորմացիոն և մշակութային ոլորտներում ղեկի մոտ: Պարզ է, որ ոչ: Ազգային էլիտան մեր հաջորդ թեման է: