Ավելի լուրջԳլխավորԽոսք

Վահան Հովհաննեսյան. «Մենք չունենք իրական էլիտա»

Ներկայացնում ենք հատված քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննեսյանի (16.08.1956-28.12.2014) «Մայրամուտ, որը պետք է կասեցնել» գրքից։

Դուք երևի լսել եք Նապոլեոն Բոնապարտի արտահայտությունը. «Այն ժողովուրդը, որ չի ցանկանում կերակրել իր բանակը, ստիպված կլինի կերակրել ուրիշինը»: Գրեթե նույն բանը կարելի է ասել էլիտայի մասին: Կարելի է նույնիսկ վերափոխել. «Այն ժողովուրդը, որը ունակ չէ ստեղծել սեփական էլիտա, անխուսափելիորեն կդառնա օտար էլիտայի ստրուկ»: Կարելի է նաև այլ կերպ ասել. «Այն էլիտան, որը ընդունակ չէ ապահովել իր ժողովրդի մրցունակությունը և կենսունակությունը, դատապարտված է, որպեսզի այն ենթարկվի ստորացման և արհամարհանքի»:

«Էլիտա» հասկացությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, սակայն ոչ մեկը չի վիճարկում գլխավորը. էլիտան է իր մեջ կենտրոնացնում փորձը, ինտելեկտը, գիտելիքները, հոգևոր արժեքները և ժողովրդի հիշողությունը: Տարբեր դարաշրջաններում  և տարբեր հասարակություններում էլիտխմբերի ձևավորումը կարող է հիմնվել ծագման, իշխողների քմահաճույքի, հարստության, անձնական վաստակի վրա և այլն: Սակայն շատ սոցիոլոգներ ընդգծում են, իմ կարծիքով, գլխավոր անհրաժեշտ հատկանիշը – էլիտայի իսկությունը: Անկախ էլիտար խմբի ծագումից, նրա իսկությունը որոշվում է շատ չափանիշների պրիզմայով, որոնցից գլխավորը, անկասկած, հետևյալն է. էլիտան հասարակության կամ նրա մասի այն շերտն է, որը տվյալ հասարակությանը բնորոշ կարևորագույն արժեքների կրողն է: Իսկ այդ հասարակությունն իր հերթին ընդունում է էլիտայի անհերքելի գերակայությունը և կոմպետենտությունը այս կամ այն ոլորտում’ քաղաքական, մշակութային, տնտեսական, սոցիալական և այլն:

Ինչո՞ւ է ընդունում: Միայն այն պատճառով, որ պարզ տեսնում է՝ բոլոր այն որակները, որոնք բնորոշ ենք այդ սոցիալական խմբին և որոնցով տարբերվում է իսկական էլիտան, ծառայում են այդ հասարակությանը առավելագույն օգուտ բերելուն՝ նվազագույն կորուստներով: Հայ հասարակությունում լրագրողների և գովազդային գործակալների «թեթև ձեռքով» «էլիտա» բառը բոլորովին այլ իմաստ է ձեռք բերել: Առաջ են եկել «էլիտար» տներ, կանացի միջադիրներ, ավտոմեքենաներ, կահույք, զուգարանակոնքեր, հանգստյան տներ, սալիկներ և այլն: Իսկ «էլիտա» սկսել են անվանել միմիայն իշխանության ներկայացուցիչներին՝ նախարարներին, պատգամավորներին, օլիգարխներին, դատախազներին, գեներալներին, որոնց համար էլ, ըստ երևույթին նախատեսված են այդ տները, մեքենաները, զուգարանակոնքերը և այլն:

Իրականում էլիտան բոլորովին պարտադիր չէ, որ իշխանություն լինի: Իսկ մեզ մոտ էլիտայի դերում հայտնվել են նրանք, ովքեր եկել են փոխարինելու սովետական նոմենկլատուրան, այսինքն՝ նախկին սովետական կոմսոմոլ-ակտիվիստները, բեռնատար մեքենաների վարորդները, բուֆետապանները, թերուս ֆիզիկները, սովխոզի նախագահները, ցեխի պետերը, ճարպիկները և նախկին խոհանոցային շատախոսները, իսկ հիմա արդեն նաև նրանց երեխաները: Մի խոսքով՝ բարձրագույն, բայց ոչ միջնակարգ կրթություն ունեցող զանգված: Հենց դա է այն անփոփոխ իշխանության հիմքը, որն արդեն երկու տասնամյակ է տարբեր ցուցանակների ներքո մնում է մեր քաղաքական բեմում: Նրա շուրջ և նրա ներքո ձևավորվել է օժանդակ մի շերտ, որը բաղկացած է բիզնես-հանրության ներկայացուցիչներից, քաղաքագետ-«փորձագետներից», բարձրաստիճան չինովնիկներից, շոումեններից, իշխող կուսակցության միջին օղակի ղեկավարներից, ԶԼՄ-ների սեփականատերերից, էստրադայի և էկրանի ինքնակոչ «աստղերից» և, ցավոք, նույնիսկ որոշ հոգևորականներից:

Իսկական գիտնականները, բանաստեղծները, երաժիշտները և նկարիչները պահանջված չեն էլիտայի հայկական մոդելում: Նրանց փոխարեն օժանդակ էշելոնում են հայտնվել կեղծ գիտության և ռաբիս մշակույթի ճարպիկ ներկայացուցիչները: Այդ ամբողջ խառնուրդը որոշ սոցիոլոգներ առանձնացնում են որպես հասարակության առանձին շերտ, անվանելով այն «կեղծ էլիտա»: Այն կրում է էլիտայի միայն արտաքին որակները. նրա ներկայացուցիչների արժեքները դուրս չեն գալիս սեփական շահերի շրջանակից:

Եթե իսկական էլիտան ընդունակ է ճկուն փոխել աշխարհայացքը՝ ինչպես իր, այնպես էլ ամբողջ սոցիումի, ելնելով վերջինիս պահանջներից, սակայն չոտնահարելով նրա շահերը, ապա կեղծ էլիտան խուսափում է ամեն նոր, անսպասելի բանից, ունակ չէ կողմնորոշվել անսովոր իրադրությունում, սակայն միևնույն ժամանակ կարող է հեշտությամբ կուլ տակ փայլփլուն խայծը՝ չնկատելով վտանգը: Էլիտան պատրաստակամ իր վրա է վերցնում հայրենիքի համար պատասխանատվությունը: Կեղծ էլիտան սիրով իր ձեռքն է վերցնում իշխանությունը և դրա հետ կապված արտոնությունները, սակայն ոչ մի դեպքում’ պատասխանատվությունը: Եթե իրական էլիտան իր առաքելությունը տեսնում է հանուն հասարակությոան շահերի ստեղծագործ աշխատանքի մեջ, ապա կեղծ էլիտան ձգտում է հասարակության հանդեպ լիարժեք գերակայության, ճնշման: Այդ պատճառով էլ իրական էլիտան ծառայում է հասարակությանը, իսկ կեղծը ստիպում է հասարակությանը ծառայել իրեն:

Արդյունքում իրական էլիտան իր սոցիալական որակներով, առաջին հերթին՝ ազգային շահերին նվիրված և ինքն իր հանդեպ պահանջկոտ լինելով, արժանանում է հարգանքի, իսկ կեղծ էլիտան հասարակության վզին է փաթաթում իր հեղինակությունը ուժով և խորամանկությամբ, գործի դնելով կեղծ հայրենասիրական հռետորիկա, արհեստական կարևորություն և գերակայության արտաքին հատկանիշներ՝ շքեղ առանձնատներ,  ավտոմեքենաներ, հագուստ, հաստավիզ թիկնապահների բանակ, բարդ բյուրոկրատական ընթացակարգեր և այլն:

Իրական էլիտայի՝ իր հանդեպ պահանջկոտ լինելը իրեն իրավունք է տալիս պահանջկոտ լինել ժողովրդի հանդեպ, իսկ կեղծ էլիտան հասնում է նպատակին սուտ խոստումների միջոցով: Իսկական էլիտան կարող է և իշխանություն չլինել, իսկ կեղծն առանց դրա գոյություն ունենալ չի կարող: Եվ ամենակարևորը՝ իրական էլիտայի ներկայացուցիչները կարողանում են զիջել և մի կողմ քաշվել, իսկ կեղծ էլիտան կպնդի իրենն ամեն գնով: Դրա համար էլ իրական էլիտան ունակ է երազել և, ի տարբերություն կեղծ էլիտայի, երբեք չի դառնում լոկ պրագմատիզմի գերի…

Այժմ համեմատենք նշված բնութագրերը մեզ շրջապատող իրականության հետ: Կարծում եմ՝ տեսնում ենք բավականին ճշգրիտ արտացոլում այն բաների, ինչ ունենք և ինչ չունենք: Մենք չունենք իրական էլիտա…

Comment here