Ավելի լուրջԳլխավորԽոսք

Երևանս, չտխրես…

Երևանս, չտխրես, հո էսպե՞ս չի մնալու ամեն ինչ։ Մեքենաների ծանրությունից էլի տնքալու են փողոցներդ, մարդկանց շատությունից մենակ մնալու տեղ ես փնտրելու ու չես գտնելու։

Երևանս, չտխրես, էլի Կասկադի ձախ կողմում չորս պապիկներդ հավաքվելու ու անցնող ջահելների հետևից են խոսելու, թե՝ թու ձեր նամուսին, էս ինչ էր հագել կամ էլ՝ այ տղա, մենք էլ ենք ջահելություն արել, բայց բոլորի աչքի առաջ իրար չենք լիզել։ Ու էն մի պապին մյուսներին լռեցնելու է, թե՝ դե, լավ, ջահել են, կյանքն են վայելում։

Երևանս, չտխրես, էլի լցնովի պաղպաղակի մոտ հերթեր են լինելու և հայ տղաներն էդ հերթում հնդիկներին կամ իրանցիներին ոտքից գլուխ չափչփելու են ու կուրծքներն ուռացրած` նրանցից առաջ անցնելու։

Երևանս, չտխրես, էլի դալաններում քեֆը լավ տղամարդիկ գիշերը միզելու են և մյուս օրն էդ տեղով անցնելիս քթերը վեր քաշելու, թե՝ էս ինչ հոտ է։

Երևանս, չտխրես, այգիներում դեռ երեխեքը վազվզելու են, ջահել ու սիրուն մամաներն էլ էդ ընթացքում հեռախոսով բողոքելու են սկեսուրներից, իրենց՝ չգնահատված լինելուց ու էլի լիքը թեմաներից։

Երևանս, չտխրես, Սարյանի գինետներումդ կյանքը դեռ եռալու է. մի բաժակ գինու շուրջ ոմանք փիլիսոփայելու են, որոշները՝ ուղղակի օրն են վայելելու, լիքը մարդիկ էլ ծանոթանալու և սիրահարվելու  կամ հիասթափվելու են։

Երևանս, չտխրես, էլի զբոսաշրջիկները գալու են և Կասկադը, հրապարակը տեսնելուց հետո՝ Հյուսիսային պողոտայում զուռնա֊դհոլչի երեք տղամարդկանց ռաբիսի ձայնը լսելուց ու դրա ներքո ինքնամոռաց պարողներին տեսնելիս մշակութային շոկ են ապրելու։

Երևանս, չտխրես, էլի ուղտերի քարավաններն անցնելու և «իբր դրա մեջ ինչ կա» պահվածքով թքելու են մայթերիդ, փողոցներիդ ու միշտ էլ կգտնվի ինձ նման մեկը, որ «բարև, ուղտ» կասի դրանց հետևից կամ էլ գոնե թարս֊թարս կնայի և մտքում ուշունց կտա։

Երևանս, չմտածես, դեռ ծաղկած ծառերիդ ֆոնին էնքան ֆոտոսեսիաներ ենք անելու, որ հոգնես, բայց, մեկ է, չզզվես մեզնից։

Երևանս, չտխրես, էլի տրանսպորտդ լիքն է լինելու՝ լիքը հոտերով, մուննաթով, բազմակողմանի զարգացած վարորդներով (միաժամանակ ծխող, հեռախոսով խոսացող ու դիմացի հայելու միջով աչքի տակով առջևում նստած աղջկան զննելով)։ Գնացքիդ վագոնները լիքն են լինելու. էն խաչբառ վաճառող տղամարդը և անձեռոցիկ ծախող կինը շրջելու են վագոնից վագոն՝ իզուր մարդկանց մի բան գնել առաջարկելով։

Երևանս, չտխրես, էլի գալու են օրեր, որ ես էլ լուսադեմին բոլորից փախչելու և գալու եմ հենց քեզ հետ սուրճ խմելու, էդ ընթացքում ագռավներիդ ձայնակցելու, առավոտ շուտ վազողներիդ հետ ծանոթանալու և իմացածս սիրուն բառերով քեզ հետ սիլի֊բիլի անելու։

ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Comment here