Ցանկացած մարդ իր գիտակից կյանքում ստիպված է լինում բազմաթիվ առօրեական ու համընդհանուր որոշումներ ընդունել։ Սկսած՝ ինչ հագնել կամ ինչ խմելուց մինչեւ որտեղ աշխատել կամ որտեղ ապրելուց։ Եվ ցանկացած մարդ որքան էլ ծուլանա, չցանկանա կամ մտածել-որոշելու ժամանակ չունենա, վաղ թե ուշ կանգնում է մի խաչմերուկի առջեւ, որտեղից բացի իր սովոր ու հին ճանապարհից՝ սկսվում են մեկից ավելի տարբերակներ։ Ու որքան էլ բարի կամեցող մարդիկ լինեն, որ խորհուրդներ կտան, այնուամենայնիվ ինքը, միմիայն ինքը պետք է որոշի՝ ինչ անել. շարունակել իր սովորական-ճանաչած ու տարիներ տեւած ընթացքը, գնալ այլ ճանապարհներից մեկով, թե գլուխը ջայլամի պես թաղել ավազների մեջ ու կանգնել-մնալ խաչմերուկի մեջտեղում։
Լինում են նաեւ դեպքեր, երբ խաչմերուկին հասնելով՝ մարդը զրկված է լինում իր հին ուղին շարունակելու հնարավորությունից, քանի որ դիմացը պարզապես պատ է, ու իրեն մնում է ընտրություն կատարել ոչ թե հնի ու նորի միջեւ, այլ՝ բազմաթիվ նորերի։ Յուրաքանչյուրս կարող ենք հիշել կամ պատկերացնել մեր կյանքի այս կամ այն փուլի խաչմերուկային իրավիճակները՝ ուսում, աշխատանք, բնակավայր, ամուսնություն… ու այդպես շարունակ։
Որոշում ընդունելու արագությունն ու արդյունավետությունը կախված է բազմաթիվ սուբյեկտիվ ու օբյեկտիվ գործոններից, նաեւ՝ տվյալ մարդու կենսափորձից, մտքի արագությունից ու նպաստավոր կամ աննպաստ հանգամանքներից։ Բնավորությունից կամ տարիքից ելնելով՝ բազմաթիվ մարդիկ ամեն ինչ անում են՝ հատկապես բախտորոշ շրջաններում միայնակ որոշում ընդունելու պատասխանատվությունից խուսափելու համար։ Հատկապես եթե իրենց որոշման ազդեցությունը զգալու են նաեւ շրջապատի մարդիկ։ Մենք նկատի ունենք, իհարկե, բնույթով պատասխանատու մարդկանց։ Հակառակ դեպքում մարդը պաշտպանում է զուտ իր էգոն սնող, պաշտպանող կամ միայն դրան հաճելի շահերը։
Ինչեւէ։ Վաղ թե ուշ բոլորս հասնում ենք այս կամ այն խաչմերուկին։ Ու շատ երկար պետք չէ մտածել-ենթադրել, թե ինչ է նոր ճանապարհի վրա երեւացող բլրի ետեւում։ Պարզապես պետք է որոշում ընդունել ու առաջ գնալ։ Հատկապես երբ նախորդ ճանապարհիդ դիմաց պատ է։ Իսկ հնից կարելի է վերցնել հետդ միայն նույն սխալը չկրկնելու խոստումն ու լավ հիշողությունները՝ ուղեբեռդ չծանրաբեռնելով ավելորդ ինչուներով ու ափսոսանքներով։ Հատկապես եթե դու ամեն ինչ արել ես ինչ-որ բաներ կամ ինչ-որ մարդկանց չկորցնելու համար, բայց չի ստացվել՝ քեզանից անկախ պատճառներով։
Usanogh.am
Լուսանկարը՝ Էրիխ Յոհանսոնի
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։