Ավելի լուրջԳլխավորԽոսք

Բջիջը. հայացք ներսից եւ դրսից

Մի անգամ մարդու օրգանիզմի բջիջներից մեկը խորհրդածում էր կյանքի մասին։ Նա մտածում էր այն մասին որ կյանքն այնքան էլ լավը չէ, չէ՞ որ կյանքում շատ տառապանքներ կան։ Նա տեսնում էր, որ իրեն շրջապատում են նույնպիսի բջիջներ, ինչպիսին ինքն է, որ բոլոր նրանք ծնվում, ապրում, աշխատում, ամուսնանում, բազմանում ու մահանում են։ Եվ այդպես՝ սերնդեսերունդ։ Դրան գումարած՝ պատերազմները բակտերիաների ու միկրոբների դեմ։

«Եվ ինչի՞ համար ենք մենք ապրում, ինչի՞ համար է այսպիսի կյանքը, որում այսքան տառապանքներ կան։ Ուրեմն ոչ մի Բարձրագույն գիտակցություն էլ գոյություն չունի, ոչ մի ՄԱՐԴ էլ գոյություն չունի, որը մեզանից վեր կանգնած կլիներ եւ որի գիտակցությունը կլցներ մեր աշխարհն ու կկառավարեր այն»,-եզրակացնում էր նա։ «Եթե ՄԱՐԴՆ իսկապես գոյություն ունենար, ապա այս կյանքում ե’ւ նպատակ կլիներ, ե’ւ իմաստ, եւ այսքան տառապանքները չէին լինի, քանզի այս ամենը կկառավարվեր այդ բարձրագույն, բանական ու բարի էակի կողմից»։

Մարդը, որի մի մասն էր կազմում բջիջը, լսեց այդ մտքերը եւ ժպտաց։ Նա հո գիտեր, որ այն, ինչ տեսանելի է ներսից, տարբերվում է նրանից, ինչը դրսից է երեւում։

Բջիջը նայում էր այդ ՄԱՐԴՈՒՆ եւ չէր տեսնում Նրան, ապրում էր Նրա մեջ եւ նույնիսկ չէր էլ կասկածում, որ Նրա մասն է։ Այն պատճառով, որ նա ներսից էր նայում, նա բազմություն էր տեսնում, իսկ ՄԱՐԴԸ բազմություն չէր տեսնում, Նա Իրեն միասնական մի ամբողջություն էր զգում՝ չնայած եւ գիտեր, թե Իր մարմինն ինչից է կազմված…

Կար-չկար մի մարդ կար, եւ մի անգամ նա սկսեց խորհրդածել կյանքի մասին։ Նա կյանքն այնքան էլ լավ բան չէր համարում, քանի որ բազում տառապանքներ էր տեսնում նրանում։ Նա տեսնում էր, որ իրեն շրջապատում են իր նման մարդիկ՝ իրենց փոքրիկ ուրախություններով ու վշտերով, որ բոլոր նրանք ծնվում են, աշխատում, ամուսնանում, բազմանում ու մահանում։ Եվ այդպես՝ սերնդեսերունդ։ Դրանց ավելացրած ե’ւ հիվանդությունները, ե’ւ կատակլիզմները, ե’ւ մարդկանց միջեւ պատերազմները։

«Եվ ինչի՞ համար ենք մենք ապրում, ինչի՞ համար է այս կյանքը, որում այսքան շատ տառապանքներ կան։ Ուրեմն ոչ մի Բարձրագույն գիտակցություն էլ գոյություն չունի, ոչ մի ԱՍՏՎԱԾ էլ գոյություն չունի, որն այս ամբողջ աշխարհից վեր կլինի,-եզրակացնում էր մարդը։ -Իսկ եթե Աստված գոյություն ունենար, ապա այս կյանքը ե’ւ նպատակ, ե’ւ իմաստ կունենար, այսքան տառապանքներ չէին լինի, քանզի այդ ամենը կկառավարվեր բարձրագույն, բանական եւ բարի էակի կողմից»։

Աստված, որի մասն էր կազմում այդ մարդը, լսեց այդ մտքերը եւ ժպտաց։ Նա հո գիտեր իսկությունը, որ այն, ինչը տեսանելի է ներսից, տարբերվում է նրանից, ինչ դրսից է երեւում։

Հրաչյա Ամիրյանի «Ինքնակերտում» գրքից

Comment here