ԳլխավորԶբոսանքներ Մարտինայի հետ

Ցտեսություն, ձմեռ

Առավոտվա չորսն է։ Նստած մահճակալին՝ լուսացնում եմ։ Որպես փորձված քնաբեր վերցրել եմ պատահական մի գիրք։ Թարս է. երբ ուզում եմ գիրք կարդալ՝ քունս տանում է, հիմա ուզում եմ քնել՝ գիրքը չի օգնում։ Լավ գիրք դուրս եկավ։ Կլանված կարդում եմ։ Երբեմն քրթմնջում, մեկ-մեկ՝ ինքս ինձ ծիծաղում ու հիանում երիտասարդ հայ գրողի մտքի թռիչքներով ու բառերի հետ սիրախաղով։

Կուզեի ունենալ իր պես ձեռագիր ու մեկ էլ նույն տպավորությունը թողնել, ինչ նա ինձ վրա։ Մեկ֊մեկ սառը ջուր է լցնում գլխիս։ Սրթսրթում եմ, էլի վազում տողերի վրայով, կանգնում, հայացքս հառում մութ պատուհանին, գնում այն աշխարհ, այլ աշխարհ կամ անցյալ։ Կիրք կա մեջը, ու բոլ֊բոլ ինքնաարտահայտվում է։

Հասա գրքի երկրորդ մասին ու աղմուկով փակեցի, դրեցի դարակի վրա։ Զարթուցիչ ինձ պետք չի։ Ինձ չի սիրում։ Չի արթնացնում։ Ես խուլ չեմ, բայց երդվում եմ, որ երբեք ձայնը չեմ լսում։ Տանն էլ բողոքում են, իբր իրենք են անջատում իմ զարթուցիչը։ Գոնե արթնացնեին։ Զարմանալի մարդիկ են։

Արթնանում եմ դեռ չքնած, լվացվում, անելիքներիս երկար ու ձիգ ցանկն աչքի անցկացնում, մի ձեռքով շրջազգեստս եմ հագնում, մյուսով բրդուճ անում ու թռչում եմ դուրս։ Հա, թռչում եմ, որովհետև բանալին փականի մեջ պտտելը, վերելակը կանչելն ու կանգառում հայտնվելը վայրկյաններ է տևում։

Արևն այրում է։ Ձմռան վերջին օրն։ Արևը ասում է՝ սիրում եմ։ Մարդը ձեռքը ճակատին դրած՝ խուսափում է։ Ես էլ եմ իրենից խուսափում։ Կարճատես գոյությունս սկսում է տառերն ու թվերը շփոթել։ Մեկ էլ հասնեմ Սարի Թաղ, այնինչ գնում էի Դավթաշեն։ Ոտքի վրա մի բան կհորինեմ, բայց ստելն իմ հոբբիներից չէ։ Ու առանց այդ էլ ես խիստ զբաղված եմ։ «Օյ, ներեցեք…»։

Գալիս է, գալիս… Դուռ-պատուհան են լվանում, գունեղ պարան֊պարան լվացք փռում, վերմակը տալիս արևին։ Քաղաքի շներն էլի թմրած են։ Երկու տղամարդ զրուցում են ոստիկանի հետ։ Մտերիմ են ոնց որ։ Ծանր տոպրակներով կնոջ աչքերը փակվում են։ Ուզածս համարը եկավ։ Առաջացա, թվերը սիրահարի աչքերով տնտղեցի ու նստեցի։

Առաջին բողբոջը երեկ տեսա. թաքուն աճել էր ու շենքերի արանքում փթթում էր։ Կծաղկի ու կհրավիրի ուշադրություն։ Ձեռքով շոյեցի բողբոջը, զգացի զարկերակը։ Էլի գալու եմ մոտը։ Իմ համար սիրելի է։ Ընտելացա իմ Փոքրիկ Ծառի հետ։ Բոլորին կթվա հասարակ՝ հսկաների ֆոնին սովորական ոստիկ է, բայց շտապում էր… իմ պես։

Comment here