Ավելի լուրջԳլխավորԽոսք

«Դիմակափոս» տանող աղմկոտ ու հոգնեցնող ճանապարհը

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը կոչ է անում կրել դիմակներ եւ հանել դրանք միայն սնունդ ընդունելիս». սոցցանցերում տարածվող այս տեսանյութը իրական է, այն տեղադրված է նաեւ հանրապետության վարչապետի պաշտոնական էջում, ու ոչ մի տեղ չի մնում՝ չհավատալու, կասկածելու կամ մտածելու, որ հերթական ֆեյքի հերթական անմտությունն է՝ իշխողներին վարկաբեկելու նպատակով։

Սա ընդամենը մի գիծ է կորոնավիրուսախեղդ տեղեկատվական-հասարակական-կարծեսթեքաղաքական առօրյայում, որտեղ կողմերը բանակների բաժանված համոզում-գոռում են միմյանց վրա՝ «Դի′ր դիմակ, որ չմեռնես, թե չէ կտուգանեմ», «Դիմակ դնեմ՝ որ մեռնե՞մ. չեմ դնելու, բա դու խի մինչեւ վերջերս չէիր դնում»։

Եվ ով առաջ «հպարտ» էր, դարձել է «անհասկացող», ով «անհասկացող» էր, ուրախանում է, որ հպարտ չի եղել…

Քաղաքական դաշտը եւ դրա գլխավոր բեմ Ազգային ժողովը, որտեղ մինչեւ կորոնավիրուսն էլ դիմակավորների պակաս չկար, դարձել է լրիվ թատրոն, որտեղ ներկայացումից ներկայացում խաղացողները փորձում են ժողովրդի վիճակով ավելի մտահոգ, դիմացիններից ավելի խելացի ու փորձառու երեւալ, սակայն ստացվում է լավագույն դեպքում անհոդաբաշխ մտքերի փոխանակություն, վատագույն դեպքում՝ անկանոն մանկապարտեզային ծեծկռտուք ու հարայ-հրոց՝ համեմված մի քանի հարկանի հայհոյանքներով։

Հետո դա տեղափոխվում է սոցցանցեր, որտեղ մեկը գրում է մյուսի մասին մի բան, պարտադիր՝ ծաղրական-վիրավորական, մյուսը պատասխանում է, հետո այդ հարցուպատասխանը տարածվում է լրատվամիջոցներում, հետո դա հասկանալ-բացատրելու համար հրավիրվում են քաղաքա-փորձա-ամենագետներ, ովքեր լուրջ դեմքով բացատրում են, որ սրա գրածը հայհոյանք է, իսկ մյուսինը՝ ինքնապաշտպանության արդարացված միջոց։ Ու նույն բանն ասում է հակառակ կողմը՝ անունների տեղերն ու մեղադրանքների սլաքների ուղղությունը փոխած։

Բա մեկնաբանություններն ու «հայերեն» ասած «քոմենթագիրները»…  Այ այստեղ է, որ մեծ մասը ցույց է տալիս, թե որքան անմաքուր-պարզունակ մտածողություն ու բառապաշար կարելի է ունենալ։

Ժողովուրդս էլ, ով կամ պարապ է, որովհետեւ պարապ է, կամ էլ ստիպված է պարապ մնալ, մեկ աջ է նայում, մեկ ձախ, էլի մեկ աջ, մեկ ձախ, ու գլուխը արդեն ուռած՝ մտքում կամ բարձրաձայն՝ մի երկար շարան է հղում բոլորին ու անջատում հեռուստացույցը (համակարգիչը, հեռախոսը եւ նմանատիպ այլ վնասակարություններ) եւ գնում է հարեւանի հետ նարդի խաղալու՝ համենայնդեպս գրպանը դնելով մի 2 ամիս օգտագործած դիմակ ու մի զույգ ձեռնոց։ Մինչեւ հաջորդ «Բա իմացա՞ր»-ը, երբ էլի մեկ աջ է նայելու, մեկ ձախ… ու լսի-կարդա հայհոյանքներ, սպառնալիքներ, եւ իհարկե՝ «մուննաթ»՝ իրար ու բոլոր «անհասկացողների» հասցեին։

Հայհոյապետություն դարձող ու բարոյական եւ նյութական աղբի մեջ ավելի ու ավելի թաղվող էս երկիրը, մե′ր երկիրը ուր է գնում եւ ուր կհասնի՝ հարց չէ, այլ պարզ երեւում է՝ շուտով կհայտնվի 40 հազար քառակուսի կմ տարածքով մի փոսում, որտեղից դեռ երկար ժամանակ հայհոյանք ու «արա, դու ով ես, տո բա դու ով ես» մակարդակի պոռոտախոսություն կլսվի։ Փոսն էլ կծածկվի օգտագործված ու չօգտագործված դիմակների եւ ձեռնոցների կույտով։ Դիմակի տեսքով սարքված գերեզմանաքարի վրա էլ կգրվի. «Մեռավ ոչ թե դիմակ չդնելուց, այլ՝ դիմակների բազմաշերտությունից ու քանակից, հոգեւոր աղբից, հիմարությունից ու կեղծիքից»։

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

 

Comment here