ԳլխավորՓորձադաշտ

Քեզ կգրեմ տառ առ տառ… Անի Պապիկյան

Անի Պապիկյանը 17 տարեկան է։ Ապագա պատմաբան է։

***

Քո մասին կգրեմ հստակ ու դիպուկ։ Քեզ կգրեմ տառ առ տառ, ու կկարդամ բառ առ բառ, որ թանկությունդ չկորցնեմ։

Կկետադրեմ զգույշ ու անսխալ, ստորակետերդ շատ ճիշտ կդնեմ, որ տողատակերումս իմաստդ չկորցնես։

Վերջակետի փոխարեն բազմակետեր կշարեմ, թող կյանքումս մնաս անավարտ երազի տեսքով…

Կգրեմ, բայց վախենում եմ սխալի դեպքում ջնջել չկարողանամ, որովհետև իմ կյանքի մաքրագրիչը միայն անարժեքավորների դեպքում է ջնջում։

Կնկարազարդեմ էջերս, կգրեմ քո մասին, ու պատկերները կստեղծվեն ինքնուրյուն, որովհետև իմ վրձինը քո մասին մտքերն են։

Քեզ կգրեմ էջ առ էջ, էությունդ ճիշտ նկարագրելու համար, ու քո մասին կգրեմ գրքերով, անվերնագիր ու անվերջանալի. դու եկար իմ կյանք անվերանգիր, ու ապրեցիր սրտումս անվերջանալի…

Քեզ կգրեմ տառ առ տառ, ու կկարդամ բառ առ բառ` լինելդ հասկանալու համար…

***

Մենք հոգնեցին կյանքից այն ժամանակ, երբ ժպիտը ստելու միջոց դարձավ, երբ գնահատել չգիտենալը հարաբերությունների վերջ դարձավ, երբ ուրիշի երջանկությունով նախանձեցինք ու մեղադրեցինք մեր բախտին…

Մենք պարզապես չհասկացանք, որ աշխարհը մեզ պարտավոր չէ հասկանալ, բայց մենք պիտի հասկանանք նրան, նա պարզապես մեզ տեղ է հատկացրել ապրելու ու ապրեցնելու համար….

Մենք չսովորեցինք ճիշտ սովորել, այդ դեպքում ինչո՞ւ գրքերին կամ դպրոցին մեղադրեցինք, ամենակարևորը չսովորեցնելու համար…

Մենք չընդունեցինք թե՛ մեզ, թե՛ դիմացինին, թե՛ աշխարհը, որովհետև ինչ֊որ չհագեցող պահանջ կա…

Մենք մեր մեջ կորցրեցինք ամենաիրականներից շատերը,
Ինչ֊որ մի սեր,
Ինչ֊որ մի մարդ,
Ինչ֊որ մի եղանակ,
Ինչ֊որ մի երջանկություն,
Ու ինչ֊որ տեղ, մենք մեր կյանքում մեզ ինքներս բացակա նշանակեցինք, որովհետև աշխարհը չհասկացավ մեզ….

Մենք պարզապես չենք գնահատում կյանքը, մենք սիրում ենք այն, որովհետև երբեմն կյանքից ստացվող անակնկալները սրտին անհրաժեշտ ու հաճելի են լինում…

***

Զգուշացրել էին, որ ոչ մի տեղ չասեմ, որ հիվանդ եմ` սրտիս հետ խնդիրներ ունեմ, հասկանո՞ւմ ես, արգելել էին անունդ տալ։ Երեկոյան ստիպում էին իրենց հետ թեյել, չգիտեին, որ թեյը սիրած մարդու հայացքով է քաղցրանում։

Գրքեր էի կարդում, որ դու էլ գայիր ու գրքիս գլխավոր իմաստը լինեիր, բայց քո բաժին էջերը դատարկ մնացին, որովհետև դու դատարկ էիր, անիմաստ ինչ֊որ բան գրելու համար։ Իսկ ես քեզ ընտրել էի` կյանք գրելու համար, ընտրել էի, հազար չէ՛, հազար մեկ էլ չէ, միլիոն ու մեկ պատճառներով էի քեզ ընտրել. առանց պատճառի սերը չի լինում…

Ընտրել էի, որ էլի զգայի սրտի այն տարօրինակ զարկը,որ քեզ տեսնելուց է լինում,հասկանայի արժեքը այն ամեն ինչի, որ սեր էին անվանում….

Արգելել էին քո մասին մտածելը, խեղճ են, կարոտելն էին արգելում…

Գիշերները աստղերը հաշվել էին սովորեցնում,որ մոռանամ աչքերիդ զույգ արևները, չգիտեին, որ բոլոր աստղերի մեջ խոսքերդ էին գրված, անգիր էի արել աստղերը…

ԱՆԻ ՊԱՊԻԿՅԱՆ

Comment here