ԳլխավորՓորձադաշտ

Քեզ մոտ չեմ գա կեսգիշերին, կգամ կեսգիշերին տասը պակաս. Հասմիկ Պետրոսյան

Հասմիկ Պետրոսյանը (Ջավախքի Դուստր) 16 տարեկան է։ Սովորում է Ջավախքի Խավեթ գյուղի հանրային դպրոցի 10֊րդ դասարանում։ Գրում է, զբաղվում է նաեւ գեղանկարչությամբ։

***

Աստղեր չեմ իջեցնի երկնքից քեզ համար, աստղերն ինչի՞դ են պետք գալու, եթե սեր չեմ տալու…
Ես ինձ լիովին քեզ կտամ, մի քիչ էլ ավելի, աստղեր չեմ իջեցնի երկնքից, փոխարենը սեր կտամ, սեր՝ սրտիս չափով:

Գիտե՞ս՝ սիրտս անսահման մեծություն ունի, օրեցօր ավելի է մեծանում, սերս էլ է անսահման և ես քեզ կտամ անսահման մի սեր՝ մի քիչ էլ ավելի…

Շենքերի պատերին չեմ գրի, որ քեզ սիրում եմ, ձևականություն բնավ չեմ սիրում, փոխարենը սրտիս կդրոշմեմ հավետ քեզ սիրելու խոստումը:

Քեզ համար չեմ դառնա ոչ արև, ոչ լուսին, բայց կդառնամ լույսդ՝ խավարում, խավարդ՝ լույսում:

Քեզ մոտ չեմ գա կեսգիշերին, կգամ կեսգիշերին տասը պակաս, քեզ համար չեմ արտասանի սիրո փուչ տողեր, բայց կտամ ես քեզ անկեղծ սերն արդարի, կբռնեմ ձեռքդ լուսաբացին քսան րոպե պակաս և բաց կթողնեմ միայն մահիցս 1 ժամ անց…

***

Լռություններ կան, որոնք ճնշող են…
Լռություններ կան, որոնց փոխարեն աչքերն են խոսում…
Կան լռություններ ցավոտ ու թախծոտ, լռություն էլ կա կեղծ ու անպիտան…

Կան լռություններ՝ հազար խոսք արժեն…
Կան լռություններ՝ մեկ բառ էլ չարժեն…

Լռություններ կան համր ու կույր, լռություններ կան անմեղ ու անպիղծ…
Կան լռութուններ կարոտի արտացոլանք…
Կան լռություններ սպասման հայելի…

Լռություններ կան մաշված ու հնոտ…
Լռություններ կան հոգու կարոտ …
Կան լռություններ խոսքի կարոտ…
Լռություններ մշուշով պատված ու լռություններ գերեզման դարձած…

Աչքերի կարոտ լռություններ կան…
Փրկող ու օգնող լռություններ կան…
Լռություններ՝ փոթորկի նման ծակող…
Եվ կան լռություններ՝ կործանման տանող…

***

Քաղաքի մթնշաղ փողոցները լցվել են դատարկությամբ, ամայացել են մարդկանց խիտ բազմությունից… Գիշեր է: 04:13… Եվ քաղաքի փողոցներում անձայնությունն է իշխում։

Մութ ու մշուշապատ փողոցները հանգստացել են մարդկանցից, նրանց փնթփնթոցներից, դժգոհ հայացքներից ու հեգնական ասուլիսներից։

Փողոցները հանգստացել են մարդկանց լուռ ու անտանելի դեմքերից, որոնցից չարություն է կաթում։ Փողոցները հանգստացել են մարդկանց մռայլ ու թախծոտ ելույթներից… Մելամաղձոտ աչքերից։

Որոշ փողոցներ էլ հանգստացել են մարդկանց դղրդյուն հանող ոտնաձայներից կամ ինչ-որ անկյունում բամբասող տատիկների ճառերից, հանգստացել են շուկայականների կռիվներից։

Փողոցները դատարկ են։

Փողոցների մթին ու տխրամած անկյուններում միայն լուսամփոփների տխրաշուք շողքն է արտացոլանք տալիս։

Փողոցները խաղաղվել են, բայց նրանք գոհացված չեն։ Նրանց չեն գոհացնում մարդկանց սեղմ ամբոխի մորմոք աչքերն ու տրտում դեմքերը։ Փողոցները սեր են ուզում, սե’ր և մի քիչ ջերմություն։ Փողոցներն ուզում են ժպտուն ո ւվառվռող աչքեր, կենսուրախ դեմքեր, բարօրություն։

04:13. փողոցները լուռ են: Լուռ, անխինդ ու տխրաբույր։

Սեր են ուզում, մի քիչ էլ ջերմություն։

***

-Երևում է շատ ես սիրում նկարել, հա՞։
-Այո, անսահմա՜ն:
-Իսկ ինչո՞ւ:
-Որովհետև նկարելիս ինքս ինձ հանգիստ եմ զգում, նկարներիս մեջ էությունս եմ տեղադրում…
-Միայն այդքա՞նը։

-Ոչ, ես նկարներիս պատմում եմ տխրությունսու թախիծս և նրանք լուռ լսում են ինձ, առանց բողոքելու: Ես նրանց հետ երազանքներս եմ կիսում, և նրանք հավատում են ինձ, առանց քմծիծաղի: Ես նրանց պատմում եմ կարոտիս մասին, և նրանք հասկանում են ինձ առանց տրտմելու: Ի տարբերություն մարդկանց՝ ես նրանց հետ կարող եմ խոսել, կիսվել և նրանք ինձ կհասկանան այնպես ինչպես կա, առանց եթե-ների և բայց-երի: Նրանց հետ ես վախենալու ոչինչ չունեմ, նրանք ինձ ընդունում են այնպիսին ինչպիսին կամ, իմ թերություններով և թուլություններով հանդերձ:

Ես սիրում եմ նկարել ուղղակի:

-Հետաքրքիր ես…

-Գիտեմ:

-Եվ… տարբերվող:

-Գիտեմ…

Comment here