ԳլխավորՓորձադաշտ

Ես բազմահարկ շենք եմ իր բնակիչներով… Արման Վարդանյան

Արման Վարդանյան

Ես բազմահարկ շենք եմ իր բնակիչներով,
Տեղավորված նեղլիկ տուփի մեջ…
«Անշենք տուփեր»-ի բազմություններում
Ես անշենքներին «շենք» եմ նվիրում,
Հսկա տուփերի «անշենքությունում» ես «շենքություն» եմ լոկ դասավանդում…
Ես բազմահարկ շենք եմ իր բնակիչներով,
Տեղավորված նեղլիկ տուփի մեջ…

***

Այս քաղաքը քարտեզի վրա չեք գտնի…
Այս քաղաքում մարդիկ անկախ օրվա վազքից ժամանակ ունեն իրար համար,
Այս քաղաքում ժամերը երբեք չեն ծանրանում…
Այս քաղաքում անցյալներին թաղում են և չեն փաթաթում կենդանի ներկայի վզին…
Այս քաղաքում որբանոցների վրա մեծատառերով փորագրված է.
«Ճշմարտությունների մուտքն արգելված է»…
Այս քաղաքում թղթե երջանկություններ չկան,
Այս քաղաքում ամեն բան իսկական է…
Այս քաղաքը քարտեզի վրա չեք գտնի,
Այս քաղաքը գոյություն չունի…

***
Ես պարտվել եմ թղթե երջանկություններին,
Խաբվել նրանց ամրության մեջ…
Ես պարտվել եմ երեկներիս բույրին,
Խաբվել նրանց դիմացկունության մեջ…
Ես պարտվել եմ վերջակետներիս`
Խաբվել նրանց ստորակետներիս անսպառության մեջ…
Ես պարտվել եմ ինքս ինձ,
Խաբվել ինքս իմ մեջ…

Մարդահոտ

Էժան, թանկարժեք, շուտ ու ուշ ցնդող օծանելիքների մեջ կորել է աշխարհի ամենահաճելի բույրը` մարդահոտը: Ամենուր պարծենում են վերջին ֆիրմայի օծանելիքներով և չտեսաբար ցանվում ոտքից գլուխ, որպեսզի ժամանակակից կամ բարձր երևան:

ժամանակի հետ կորել է ամենաթանկարժեք բույրը` մարդահոտը, որը չենք ձեռք բերի ոչ մի օծանելիքով: Մարդահոտն այնքան սուր է, որ սկսվում է գալ օրորոցից և ցնդում խնկի հոտի հետ… Այսուհետ օծանելիք վաճառողի հարցին միշտ պատասխանում եմ. «Ինձ, խնդրեմ, տվեք այնպիսի օծանելիք, որը վրաս ցանելիս մարդահոտս չմնա ստվերում»…

***

Արման Վարդանյանը ծնվել է 2006 թվականին Երևանում։ Ստեղծագործում է։

Չնայած բավական երիտասարդ տարիքին՝ պատրաստվում է հրատարակել առաջին գիրքը:

«ԳրեԼույս» գրական ակումբի համահիմնադիրն է։

Comment here