ԳլխավորՓորձադաշտ

«Մեր բաժանումից անցել է մեկ ու կես դար». Աննա Պողոսյան

Աննա Պողոսյան

Աննա Պողոսյանը ծնվել է 1992 թվականին, Չարենցավանում։

Սովորել է Երևանի Պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում։ Աշխատում է մարզային հեռուստաընկերությունում որպես լրագրող – հաղորդավար։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Ստեղծագործում է։

***

Ես մտածում եմ քո մասին ու մենությունս արձագանքում է ներսիցս, տխրությունս լցվում է փողոցներն ու անաղմուկ հեռանում։ Ես գրում եմ քո մասին, որ գոնե չխենթանամ ու կիսով չափ ապրեմ։ Երազում եմ ազատության մասին, որ գամ ու տանդ պատերի մեջ փակվեմ, որովհետև իմ ազատությունը հենց դու ես ու քո տան պատերը։

Այն սենյակը, որտեղ ես ու դու ապրել ենք, մեզ դեռ երկար է հիշելու, իսկ ես այդ սենյակում քեզ եմ հիշում, քո պրոֆիլե մարմինը, քո հայացքը, քո ժպիտը ու քո մատները… այն մատները, որ փորագրել են իմ մարմինը, սահել ու սեր են նկարել։

Քո տունը ինձ ու քեզ մերկ է տեսել, ամենատաք շուրթերի համբույրն է տեսել, մեր պարն է տեսել, իմ ու քո ծխախոտի քուլաներն է տեսել, մի բաժակ սուրճ խմելն է տեսել։ Ինձ ու քեզ քաղաքի անձրևն է թրջել, Կասկադի աստիճաններին մեր ոտնահետքերն են դաջվել, երկնքում իմ ու քո գույնը ծիածան է կապել…

Ես քեզ ծննդյանդ օրը թեյի բաժակ եմ նվիրել, որ ոչ թե ցրտից տաքանաս, այլ իմ ու քո հիշողությունը կում առ կում խմես ու ջերմանաս… միգուցե հետո հարբես։ Գրողը տանի… ախր, ես քեզ վաղուց, շա՜տ վաղուց չեմ տեսել։

Ամեն անգամ վերցնում եմ հեռախոսս, հավաքում համարդ ու նորից ջնջում, փոխարենը նամակներդ ամեն օր եմ կարդում։

Ինձ երբեք չմեղադրես քեզ սիրելու մեջ, որովհետև այդ սերը դու՛ սնեցիր… սնեցիր, որ հետո գնաս…

Գիտե՞ս, արդեն սովորել եմ մենությանս հետ միայնակ ապրել ու մեռնել, շնչել ու խեղդվել, լռել ու գոռալ… Լավ է, որ գիշերը մի երկու ժամ գոնե կարողանում եմ քնել, որովհետև երազիս մեջ դու կաս…իսկ երբ արթնանում եմ… Երբեք չմոռանաս, որ ես «Սիրում եմ Քեզ»…

«Մեր բաժանումից անցել է մեկ ու կես դար» գրքից

***

Աչքերիդ խոնավ լույսերը ծաղկում են սպիտակ թղթիս, մատներիդ ոսկե հասկերը լույս են փորագրում պատուհանիս, ժպիտդ հանում եմ սրտիցս, շիթ առ շիթ դատարկում թղթին, շուրթերդ վարդահոտ են, համբույրս թողնում եմ երազիդ մեջ, որ կանաչես՝ ԻՄՍ…

…Իմ կարոտները մեռնում են ճաքած շուրթերիդ, ձեռքերիդ մեջ վերածնվում ու երկինք ձգվում։ Դու Նա ես, ով չունի վերջաբան, ով և սկիզբն է և վերջը, նա, ում առաջ հանձնվել գիտեմ, նա, ում բախտի համար աղոթել գիտեմ, այն միակ տիեզերքը, որով պիտի վերջանար բաժանումը։

…Քո գնալուց հետո փլատակներ են միայն, ավերակներ անխնա, հեռացումի ոտնաձայներ, բաժանումի վերջաբաններ։

***
Դու իմ Ավետարանն ես,
Իմ Եղիցի լույսը՝ հույսը,
Քեզ ծրարել եմ հոգուս մեջ,
Որ սրբանամ՝ մաքրանամ։

Դու այն միակ Աստվածն ես,
Ում ձեռքերի մեջ իմ սիրտն է,
Դու այն միակ եկեղեցին ես,
Որտեղ բնակվում եմ հենց ես։

***
Ես չեմ հավատում հավերժությանը,
Այլ հավատում եմ հենց այս վայրկյանին,
Ես չեմ ապրում հանուն վաղվա գոյության,
Այլ ակնթարթը` ներկան այսօրվա։

Ու թե մի օր չլինես ինձ հետ նաև դու,
Այնժամ չեմ զղջա տվածիս համար,
Հիշի՛ր, աշխարհում բաժանումներ կան,
Բայց ոչ իմ ու քո բաժանման նման…

***
Խոստացիր,
Խոստացիր ինձ,
Որ քնելուց առաջ
Բաց կթողնես պատուհանդ…

Հիշողությունը
Այցի կգա քեզ գիշերով,
Ու կլցնի սենյակդ ողջ,
Սենյակդ ողջ…

Ու կծորա
Առաստաղից
Պատերին լերկ`
Կարոտ, կարոտ, կարոտ…

Ու կցնծան, կցնցվեն
Պատեր, հատակ ու առաստաղ…
Ու կթափվեն
Քո Ես֊ից ներս,

Խեղդելու չափ,
Գրկանքի չափ,
Մեռնելու չափ,
Կարոտները, կարոտները`
Անձնակորույս,
Անձնակործան…

Comment here