ԳլխավորՓորձադաշտ

Իմ ներսն ու դուրսն իրար չեն համակրում. Ալբինա Բուջատյան

Ալբինա Բուջատյանը տասնյոթ տարեկան է, սովորում է Երևանի համար 2 ավագ դպրոցում։

Իմ ներսն ու դուրսը

Ես էություն եմ, ով կազմված է բարդ միացություններից ու տարրական սխալներից։
Իմ ներսն ու դուրսն իրար չեն համակրում։

Դրսում ես մի հիանալի կատակերգու եմ, ով սիրում է և կարողանում է մարդկանց ժպիտ նվիրել։
Ներսում ես մի տխրամարդ եմ, ով իսպառ խելագարվելուց հինգ է պակաս, բայց նաև շատ համառ է չխելագարվելու հարցում։

Այսպես, ուրեմն` ես էություն եմ` կազմված դրսի բարդ միացություններից ու ներսի տարրական սխալներից…

Դու իմ կողքին (չ)եղար

Դու իմ կողքին եղար,
Բայց ո՛չ երբեք ինձ հետ
Իմ մտքերում եղար,
Բայց ո՜չ երբեք մոտս:

Իմ տողերում եղար,
Բայց ո՜չ երբեք ինձ հետ
Բառերումս եղար,
Բայց ո՛չ երբեք մոտս:

Դու իմ գրքում եղար
Դու եղար և ցավիս մեջ,
Իմ փառքի մեջ եղար
Բայց ոչ երբեք մոտս:

Գրքիս մեջբերումներում
Ու ծալված էջերում եղար
Այժմ ասա, սիրելիս,
Մի՞թե այդպես են սիրում:

Խոստում կամ խոստովանություն

Կգա մի օր, երբ այլևս քեզ տեսնելիս ես չեմ դողա,
Երբ նուրբ ձայնը քո լսելիս սիրտս արագ չի թրթռա,
Եվ այլևս ոչ մի վայրկյան իմ մտքերում դու չես լողա:

Խոստանում եմ այդ ժամանակ քեզ նայելով`ուրախ անցնել,
Խոսք եմ տալիս այդ ժամանակ կողքիդ կանգնել, չխուսափել:

Միայն թե դու այդ աչքե՜րդ հայացքդ այդ դու թաքցրու՛
Նայիր այնպես, ասես երբեք
Չենք ճանաչել մենք մեկմեկու:

Անցիր այնպե՛ս հպա՜րտ, խրոխտ
Ինչպես միշտ ենք մենք անցել,
Մնա՛ այդպես անհաշտ, խռով, չէ՞ որ դու ես դա ցանկացել:

Ինձ շրջանցիր և անցի՛ր ինչպես մի խորթ զբոսաշրջիկ,
Անցի՜ր այդպես ու մի՛ հիշիր ո՛չ ինձ, ո՛չ մեզ և ոչինչ….

Comment here