Փորձադաշտ

Երկրի ու երկնքի էպիկենտրոնում մանուշակե սերս է… Լիաննա Ստեփանյան

Լիաննա Ստեփանյանը ծնվել է 2003թ. հունվարի 30-ին։ Կարգախոսն է` եթե մեր մեջ կա մի փոքրիկ լույս , ապա պետք է ջանալ այն օգտագործել մեծախավարը ցրելու համար։

***

Սիրտս այնտեղ է, որտեղ արևները չեն հանդիպում վերջակետված մայրամուտներին… Արագիլները թղթե թևերով բարձր ճախրել են սովորել ու պահում են կյանքի գոյը, որը նաև կյանքից ու իրականությունից դուրս է…

Ես էլի ես եմ։

Թղթե հագուստներ եմ ավելացրել պահարանումս, հավատում եմ, որ դրանք չպիտի արդուկվեն։  Միտքս էլ այնտեղ է , որտեղ երազները աստղերի հետ են իջել երկիր:

Լուսինն ամեն անգամ կաթում է գիտակցությանս մեջ ` հիշեցնելով, որ անցյալի ստվերը շատ հաճախ է ինձ հետապնդում.

Երկրի ու երկնքի էպիկենտրոնում մանուշակե սերս է տեղավորվել, ես սիրահարված եմ կյանքին։

***

Իմ ու իմ մտքերի միջև
Ես եմ, որ հեռացել եմ, բայց մնացել ինչպես հարազատը` հարազատի կողքին։

Իմ ու իմ մտքերի միջև այն ճոպանն է, որ օրորվում է ու ստուգում վախի չափը։

Իմ ու իմ մտքերի միջև ես էլ չկամ.
Ինքնանվիրվել եմ մյուսներին, որովհետև ինքս իմ մեջ վաղուց եմ ինքնասպան եղել…

***

Դու հրաժարվել ես քեզանից, ինքնությունդ մանկատուն ես տարել ու թողել դարպասներից այն կողմ։ Դու քեզ դատապարտել ես ամբողջ կյանքում անջնջելի տանջանքով։ Ու երևի մեկը որդեգրել է ցանկացել, բայց կամակորի պես փախել ես ցերեկները շատ աչքերից, միայն գիշերներում ես ինքնությանդ փաթաթել վերմակով, որ չմրսի։ Ու շատ անգամներ ես այդպես վարվել։

Ինքնությունդ թողել ես ճաղերից այն կողմ ու դու անհետացել։

Տեսնես հանգիստ ապրե՞լ ես։
Ի՞նչն է քեզ անհանգստացրել։
Ի՞նչն է եղել փախուստներիդ ու թաքստոցներիդ պատճառը…
Բայց հասկանում ես չէ՞, որ անխիղճ ես եղել , ուրիշների չէ, քո հանդեպ ես տգետ գտնվել։

Իսկ եթե վերմակն էլ հրաժարվի ծածկել գիշերներդ , գիտես ի՞նչ կլինի։ Երևի ինքնությունդ թափառական կդառնա անձրևոտված փողոցներում…

***

Հեռացողը գոռում է` կներեք։
Գուցե ցավի՞ց, գուցե իրոք զղջացել է, բայց եթե չեն ներել, ուրեմն լավ չի գոռացել կամ լավ չի զղջացել…

Ձուկը ջրում է ապրում, բայց այսօր որքան էլ զարմանալի թվա՝ սկսել է ջրից դուրս էլ գոյությունը ապահովել, գուցե չի ապրում, բայց մարմինը այս ու այն կողմ է շպրտում։ Երևի պայքարում է կամ էլ իրեն զգում անջուր կյանքում։

Թափառականն աշխարհ է ընկել, ման է գալիս ու երևի մտածում` էլի ինչ-որ բան այն չէ, գուցե՝ պակա՞ս։
Ճիշտ է, պակաս է։
Ինչ-որ բան պակաս է։

Արևին ջերմություն է պակասում կամ նույնն է, ինչ գիշերին` լուսինը։
Սիրողին` հավատարմությունը…
Գուցե արևին տասն է պակաս.
Դե հիմա…

Հիմա ո՞վ է այդքան շատ ընկնում վայրկյանների հետևից, բայց մի բան հաստատ պակաս է։
Գուցե երջանիկ լինելու համար կյանքին կյանք է պակաս։

***

Քանի՞ ծաղիկներ հավերժ քուն մտան, և ո՞ր գարունը միայն սփոփանք կդառնա մեզ համար…
Մի աշուն դարերի կյանք տեսավ ` ճզմաքամ ժամերի ժայթքումից…

Կյանքի մի ժամը դարերի պես անցավ ու սպասման սլաքները կանգնեցրին հոգու դղրդոցը, բայց ճիչը, ավաղ, կանգնեցնել չհաջողվեց, կմնա, կլսվի և’ մեր ժամանակ, և’ հետո, և’ հավերժ…

Չենք ներելու…

Comment here