ԳլխավորՓորձադաշտ

Ծնունդդ շնորհավոր, հիմար պոետ… Վահագն Ամիրջանյան

Վահագն Ամիրջանյան

Վահագն Ամիրջանյանը 24 տարեկան է, մասնագիտությամբ՝ բանասեր, գրականագետ, 2019 թ. «ԵՊՀ լավագույն ուսանող», ԵՊՀ բրոնզե մեդալակիր:

***

Ասեղնագործի համար
թելի կտրվելը ողբերգություն է,
հիմա դու հասկացիր,
թե ես ինչ եմ զգում,
երբ դու դադարում ես խոսել…

***

Օդանավակայանում
տոմսեր չեն մնացել,
վերջինը դու տարար,
ինձ ոչինչ չմնաց…

Իմ Գալատեա

Քեզ հորինել եմ
ու ստեղծել եմ
իմ իսկ ձեռքերով,
ինձ օտար ոսկորների
քամահրանքից
ուշաթափվել եմ
եւ ընկել պատրանքի մեջ,
ու հիմա փորձում եմ
քեզ նորից ստեղծել,
բայց աստվածները արդեն
քեզ շունչ են տվել
եւ պատգամել են ինձ չսիրել:

***

Ես քեզ սպասել եմ երկար
եւ գուցե դու էլ ինձ ես սպասել…
Դա նման էր անվերջ շարժվող մեքենաների հոսքի,
գալիս էին դրանք անդադար եւ կանգ չէին առնում
եւ թվում էր՝ սերն էլ մեր պետք է լինի այդպես,
բայց այսօր դու չկաս…

Ու հիմա երբ փողոցում անծանոթ եւ ծանոթ
մեքենաների ձայները խլացնում են ականջս,
սիրտս այն ընդունում է քո ձայնի նման
եւ լաց է լինում օղու շիշը ձեռքն առած…
Չէ՞ որ սիրում էիր ինձ եւ ասում էիր
պետք է սպասես ինձ մի ամբողջ կյանք…

***

Աշխարհի բոլոր բժիշկները չգիտեն
ու չեն հասկանում հիվանդությունը քո,
այսօր դու մեռնում ես,
այսօր ես եմ մեռնում
մի հինավուրց սիրուց
որ մեր մեջ է բոլոր սերերից,
այսօր դու մեռնում ես,
այսօր ես եմ մեռնում
արի՛ ինձ մոտ
բուժումը ես եմ…

***

Իմ լուսանկարչական
տեսախցիկի ներսում
քեզնից վաղուցվա մնացած հուշեր կան,
հիմա քո նկարներում
ես քեզ չեմ տեսնում
ու ինձ թվում է,
թե մնացել ես
այնտեղ՝ ներսում,
ու չեմ կարողանում
քեզ այնտեղից հանել
կամ էլ անծանոթ լուսապատճենող
խանութներում ինձ
անվերջ խաբում են…

***

Ես կարող եմ քո մասին գրել 1000 գիրք,
բայց ի՞նչ կլինի հետո,
եթե ինչ-որ մեկը իր սիրելիի համար գրի 1001 գիրք,
այդ է պատճառը, որ ես չեմ կարող քո մասին գրել,
քանի որ դու իմ մեջ անվերջ ես,
իսկ տողերը վերջանում են…

***

Ծննդյան տոնին քեզ
կշնորհավորեն հարյուրավոր մարդիկ
ու կկամենան աշխարհի բարիքները բոլոր,
և դու էլ ինչպես հմուտ այգեպան
կսկսես քաղել դրանք ու վերջում,
երբ հազարավոր բարիքների կողքին,
ոչինչ էլ քեզ արժեքավոր չմնա,
այդ ժամանակ նայիր երկնքին
ու բղավիր խենթի նման՝
-Ծնունդդ շնորհավոր, հիմար պոետ…

Comment here