ԳլխավորԼուր

Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում

Կարեն Թռչունյան

«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) «Էրազմուս+» կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում ամփոփվել են «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով եռօրյա աշխատաժողովի աշխատանքները:

Աշխատաժողովի ընթացքում բուհերը և սոցիալական այլ գործընկերներ ներկայացրել են համագործակցային դոկտորական, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն համատեղ իրականացվող հետազոտական ծրագրերի օրինակներ։ Ներկայացված առաջարկները քննարկվել են առանձին աշխատանքային խմբերում՝ հստակեցնելով բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման և որակի ապահովման հայեցակարգի առանցքային դրույթները՝ Զալցբուրգի սկզբունքներին համահունչ։

Աշխատաժողովի վերջին օրն աշխատանքներին մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ պետությունը պետք է խիստ պահանջներ ներկայացնի գիտական աստիճան շնորհելու հարցում:

«Աշխատաժողովի ընթացքում ձևավորված աշխատանքային խմբերը պետք է մշակեն առաջարկություններ՝ հիմնված համապատասխան հետազոտությունների վրա, այն է՝ PhD-ի համար դիմելու ինչպիսի չափանիշներ և Հայաստանում ինչ որակի գիտնականներ են անհրաժեշտ, որոնք հետագայում կհամալրեն աշխատաշուկան և գիտակրթական հաստատությունները: Քանի որ ARMDOCT ծրագիրը նոր է, և անհրաժեշտություն կա հետևել դրա շարունակականությանը, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ամիսը մեկ անգամ զեկուցել, թե իրականացված աշխատանքներում ինչպիսի առաջընթաց կա»,- նշել է Կարեն Թռչունյանը՝ հավելելով, որ նախարարության համապատասխան վարչության աշխատակիցները ևս ներկայացված են աշխատանքային խմբերում, և համատեղ ծրագրի շրջանակում պետք է մշակվի ասպիրանտական կրթության նոր կարգը:

«Առաջարկությունների արդյունքում կորոշենք՝ ընդհանրական լինի մոտեցումը, թե գուցե յուրաքանչյուր բուհ ունի իր յուրահատուկ խնդիրները, որոնք պետք է արտացոլված լինեն նոր կրթական մակարդակում: Այս գործընթացում ամենակարևորը որակյալ կադրերի ապահովումն է, որոնք հետո կմտնեն տնտեսության մեջ և կստեղծեն ավելացված արժեք: Եթե չկարողանանք այդ կադրերն ապահովել, ապա տեխնոլոգիական կամ նորարարական միտքը դժվար առաջընթաց ունենա»,- ընդգծել է փոխնախարարը՝ հույս հայտնելով, որ բուհերը սերտորեն կհամագործակցեն ARMDOCT ծրագրի շրջանակում, որպեսզի դրա ավարտին ձևավորվի առավել համակարգված, միջազգային չափանիշներին համապատասխան ասպիրանտական համակարգ:

Կարեն Թռչունյանի խոսքով՝ հետխորհրդային երկրներում, օրինակ՝ Ղազախստանում, ներդրված է PhD համակարգը, որը բավականին հաջողված է. «Ինքս Ղազախստանում մեկ PhD ուսանողի միջազգային խորհրդատու եմ և բավականին տեղեկացված եմ այդ համակարգից: Այնտեղ պահանջ է դրված, որ PhD ուսանողի տպագրած հոդվածն անպայման ունենա Q1 կամ Q2 կարգի ընդգրկվածություն: Ղազախստանում գիտական աստիճան շնորհելու իրավական փաստաթղթերը մշակել են արևմտյան փորձագետները, չնայած պետությունը մեծ ներդրումներ է արել այդ գործում: Մենք պետք է փորձենք օգտագործել այդ մշակված փաստաթղթերը և բավականին բարձր նշաձող սահմանենք PhD ստանալու համար: Միայն այդ դեպքում կունենանք ատենախոսությունների համեմատաբար բարձր որակ»:

Ըստ Կարեն Թռչունյանի՝ մեր երկրում կան գիտությունների բարձրակարգ թեկնածուներ և դոկտորներ, սակայն առկա է միջազգայնացման խնդիր. «Եթե ցանկանում ենք ունենալ որակյալ կադրեր, ապա պետք է ունենանք խիստ պահանջներ, և ատենախոսություններին վերաբերող հոդվածները պետք է լինեն բավականին բարձր իմպակտ ֆակտորով:

Հայաստանը ռեյտինգավորման ցուցակներում գիտական և գիտատեխնոլոգիական ինդեքսներով պետք է գրավի ավելի բարձր տեղ, քանի որ ներդրումային ընկերությունները հաշվի են առնում այդ երկրի գիտական և ինտելեկտուալ ներուժը: Եթե այն ցածր է, ապա ընկերությունը ներդրում չի անի այդ երկրում, քանի որ ուղղակի այդքան մասնագետ չկա: Ժամանակին մեր պապերը շեշտը դրել են գիտական կամ գիտատեխնոլոգիական հիմքի վրա, որի արդյունքում գիտական միտք են ձևակերպել և այն արտահանել, ստեղծվել են այդքան մեծ թվով հետազոտական և ճյուղային ինստիտուտներ: Իհարկե, մենք փոքր երկիր ենք, բայց ունենք բավականին բարձր ինտելեկտ ունեցող մարդկային կապիտալ, որը, ցավոք, օգտագործելիության տեսանկյունից ցածր է»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ պետք է 21-րդ դարին համապատասխան առաջընթաց ապահովել, զարգացնել STEM կրթությունը, որը հետագայում երկրին մեծ գումարներ կբերի:

«21-րդ դարի կրթությունը ենթադրում է, որ բուհի շրջանավարտները պետք է ունենան, այսպես ասած, 4C բաղադրիչ` նորարարություն, հաղորդակցություն, համագործակցություն և քննադատական մտածողություն: Սա պետք է դրված լինի կրթության հիմքում, որը հետագայում անպայման արդյունք է տալու, և բուհը թողարկելու է մտածող կամ տրամաբանող շրջանավարտ: 1950-60 թթ.-ի բուհը հիմնականում տեղեկատվության աղբյուր էր. հիմա այդ տեղեկատվությունը հասանելի է համացանցում, հետևաբար տրամաբանությունը պետք է փոխվի: Դասախոսը պետք է ոչ թե այդ տեղեկատվությունը փոխանցի, այլ այն վերլուծի և այդ վերլուծությունը փոխանցի ուսանողին: Միայն այդ դեպքում կկարողանանք ձևավորել որակյալ աստիճանավորման համակարգ»,- վստահեցրել է Կարեն Թռչունյանը:

Աշխատաժողովն ամփոփվել է համագործակցային դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպման վերաբերյալ քննարկումներով։

Նշենք, որ ARMDOCT ծրագրի տևողությունը 36 ամիս է. այն կգործի մինչև 2023 թվականը: Ծրագրի նպատակն է Զալցբուրգի սկզբունքներին համահունչ Հայաստանում բարեփոխել դոկտորական կրթությունը՝ ազգային քաղաքականության և իրավական փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։

Ծրագրի նպատակներից է նաև խթանել բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին ինտեգրմա­նը։

Ծրագիրը ներառում է 15 անդամ, այդ թվում՝ 4 ԵՄ բարձրագույն ուսումնական հաստա­տութ­յուններ, ՀՀ 8 բուհ և 2 գիտահետազոտական ինստիտուտ, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպոր­տի նախարարությունը։

Comment here