ԳլխավորԼուրԿրթություն

Դիմորդ-2020. սկսվել է հիմնական մրցույթի փուլը

Գնահատման եւ թեստավորման կենտրոնում ավարտվել են ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկման հետ կապված աշխատանքները, այժմ սկսվել է մրցույթի փուլը։

Usanogh.am-ի հետ զրույցում ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի առաջին հայտով մասնագիտության մրցույթից անվճարի համար դուրս մնալու դեպքում դիմորդն ինքնաբերաբար մասնակցում է նույն մասնագիտության վճարովի տեղի մրցույթին, ապա արդեն՝ մյուս անվճար տեղի եւ մնացած արդեն վճարովի տեղերի մրցույթին։

Հիշեցնենք, որ մրցույթի արդյունքներն ամփոփվելու են հուլիսի 18-ին։

Նախնական տվյալներով՝ այս տարվա արդյունքները որոշ չափով բարձր են, որը բացատրվում է մասնագիտությանն առավել մոտ ընտրված մեկ առարկա հանձնելու հետ։

Հիմնական մրցույթից հետո տեղի է ունենալու թափուր տեղերի մրցույթ։

Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների հիմնական փուլի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում մասնագիտությունների թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։

Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները նոր դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային եղանակով՝ հուլիսի 20-ից մինչեւ հուլիսի 22-ի ժամը 18.00-ն։

Comment here