ԳլխավորԼուր

Քանի՞ դիմորդ կա, ո՞ր մասնագիտություններն են պահանջված

Կարո Նասիբյան

Այս տարի միասնական և ներբուհական քննությունների համար հայտագրվել է 13 հազար 573 մարդ: Նախորդ տարի նրանց թիվը 13 հազար 120 է եղել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ ընդունելության կարգում փոփոխություններ են եղել, որով նախատեսված է միասնական քննությունները հանձնել երկու հատ: Նախկինում ավելի շատ գերիշխում էր մեկ քննությունով ընդունվելը:

Հայտագրումն ավարտվել է մայիսի 10-ին: Հայտագրման արդյունքում ամենամեծ թիվը գրանցվել է «Անգլերեն» առարկայից՝ 5587, երկրորդ տեղում «Մաթեմատիկան» է՝ 5429, երրորդ տեղում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկան է՝ 5253 դիմորդով: Մնացյալ առարկաների համար դիմել են 1600 և պակաս դիմորդներ: Այս փուլի քննություններն անցկացվելու են հունիսի 7-ից 24-ը:

ԳԹԿ փոխտնօրենի տեղեկացմամբ՝ ավելացել է նաև բնագիտամաթեմատիկական առարկաներից քննություն հանձնողների թիվը: Ընդգծվել է «Ֆիզիկա» առարկայի դիմորդների թիվը՝ 1585:

Գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետները այս տարի շրջելով բոլոր մարզերում, 12-րդ դասարան ունեցող դպրոցների տնօրեններին մանրամասն բացատրել են նոր կարգը: Ամեն դեպքում կան դիմորդներ, որոնք նախանշված ժամկետում չեն հայտագրվել: Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ նրանց թիվը մեծ չէ, սակայն դիմել են ԿԳՄՍ նախարարին: Համատեղ քննարկման ընթացքում որոշում կկայացվի:

Հունիսի 26-ից մեկնարկելու է լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունումը: Լրացուցիչ փուլի հայտագրման, քննությունների հանձնման ժամկետը հուլիսի 2-8-ն է:

«Արդյունքները հրապարակվելու են հուլիսի 18-ին: Դրանից հետո հրապարակելու ենք թափուր մնացած մասնագիտությունների ցանկը, և մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են կրկին հայտ ներկայացնել՝ առանց քննության, և իրենց գնահատականներով փորձել ընդունվել»,- ասել է Կարո Նասիբյանը:

Գնահատման և թեստավորման կենտրոնն առանձնացրել է դիմորդների շրջանում տարբեր բուհերի ամենապահանջված մասնագիտությունները: Մասնավորապես,  առաջին տեղում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական գործ, երկրորդ տեղում՝ ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկա, երրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարում, չորրորդ տեղում՝ ԵՊՀ-ի իրավագիտություն, հինգերորդ տեղում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ ուղղություններն են: Այս ուղղություններով մրցակցությունը շատ մեծ է լինելու:

«Ունենք մասնագիտություններ, որոնք ընդհանրապես չեն դիմել: Խոսքը, մոտավորապես, 160 մասնագիտությունների մասին է: Ինձ համար առավել զարմանալի էր, որ Շիրակի մարզի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի մաթեմատիկայի ուղղությամբ որևէ մեկը չի դիմել: Նույն ուղղությամբ որևէ դիմում չկա Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում: Հասկանալի չէ նաև այն, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում թատերագիտության, կինոգիտության գծով որևէ դիմորդ չկա: Դիմորդ չկա նաև Կոնսերվատորիայի ազգային նվագարանների գործիքների՝ շվիի, սրնգի, տավղի բաժիններում: Դիմորդ չկա ջութակի, դիրիժորական բաժնում»,- ասաց Կարո Նասիբյանը:

Այս տարի ավելացել է քննական կենտրոնների թիվը: Եթե նախորդ տարի գործում էր 36 միասնական քննությունների քննական կենտրոն, ապա այս տարի գործելու է 41-ը: Ավելացված քննական կենտրոնները գործելու են Կոտայքում, Գեղարքունիքում, Տավուշում, Արարատում, Երևանում: